Պարտադիր կուտակայինը կարող է սոցիալական վճար դառնալ․ Նոր մոտեցումներ են ընդունվել (թարմացված)

Պարտադիր կուտակայինը կարող է սոցիալական վճար դառնալ․ Նոր մոտեցումներ են ընդունվել (թարմացված)

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի ֆեյսբուքյան էջում արված գրառման համաձայն` ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ: ԿՀԻԿ-ն հրապարակել է դրանք` «ակնկալելով ակտիվ մասնակցություն դրանց քննարկմանը և կարծիքների փոխանակմանը»:

Այսպիսով, նիստում ընդունված փաստաթղթում ուրվագծված սխեման մասնավորապես առաջարկում է հետևյալ մոտեցումները.

1. 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):

2. Սոցիալական վճարի դրույքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի` մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը` 25.000 դրամ ամսական, կամ տարեկան` 300.000 դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2019 թվականից, ավելացվելու է` միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան:

3. Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես,որ դրանից սոցիալական վճար և հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն անսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը, 2014թ. հուլիսի 1-ից` 50.000 դրամ):

4. Պետական հատվածի սոցիալական վճար կատարող աշխատողները, ովքեր մասնակից են և ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից)` որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին:

5. Եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչև երեխայի 2 տարին լրանալը (18000 դրամ նպաստ ստանալու ժամանակահատվածում) այդ անձի համար պետությունը կատարում է կուտակային վճար` խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ: Այս դեպքում, անձի տվյալները դեպոզիտարիային է տրամադրում հարկայինը` հիմք ընդունելով գործատուի ներկայացրած հաշվարկը (խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում գործատուն ներկայացնում է գրանցման հայտ):

ԿՀԻԿ հիմնադրամը բոլոր շահագրգիռ քաղաքացիներին, կազմակերպություններին և նախաձեռնություններին առաջարկում է օգտագործել իրենց ֆեյսբուքյան էջը որպես հարթակ` այս մոտեցումները քննարկելու, դրանց վերաբերյալ տեսակետներ հայտնելու, հնարավոր ռիսկերը վեր հանելու, սեփական առաջարկները ներկայացնելու համար: Բոլոր կարծիքները և առաջարկները ամփոփվելու և ներկայացվելու են աշխատանքային խմբի անդամներին` դիտարկման և քննարկման:

«Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ և շահագրգիռ մասնակցությունը քննարկմանը»,- հայտնում են Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից:

Հունիսի 16-ին «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը դիմել է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հերթական դռնփակ հանդիպման համար՝ քննարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված կառավարության նոր առաջարկը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` տեղեկացնելով, որ քառյակից եռյակն է միայն սկզբունքորեն դեմ արտահայտվել պարտադիր կուտակային բաղադրիչին՝ ցանկացած տեսքով, ԲՀԿ-ն իր տեսակետը կհայտնի վաղը, գրում է Tert.am-ը։

Նախագծով առաջարկվում է պարտադիր բաղադրիչը ի սկզբանե կիրառել միայն պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար։

«Մենք վերահաստատեցինք 12 կետերից առաջինի վերաբերյալ միասնական դիրքորոշումը, որ որևէ առաջարկ մեզ համար ընդունելի կլինի, եթե պահպանվում է երեք սկզբունք՝ պարտադիր բաղադրիչ՝ որևէ տեսքով, որևէ կատեգորիայի համար մեզ համար ընդունելի չէ։ Հաջորդը, որ մենք չենք ընդունի որևէ որոշում, որ խտրականություն է դնում քաղաքացիների տարբեր կատեգորիաների միջև՝ լինի դա տարիքային, թե բաժանելով պետական, մասնավոր սեկտորի։ Եվ երրորդը՝ մենք ընդունելու ենք այնպիսի լուծում, որ հիմնված կլինի սերունդների համերաշխության սկզբունքի վրա»,-ասել է նա։

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը հունիսի 10-ին ԱԺ-ում հանդես են եկել համատեղ ասուլիսով և հրապարակել են իրենց`12 կետից բաղկացած հայտարարությունը: Դրանցից 1-ը վերաբերում է պարտադիր կուտակայինին`«Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին»:

Լևոն Զուրաբյանը, սակայն, նկատել է, որ իրենց դիրքորոշումը հայտնել են 3 քաղաքական ուժերը, մինչդեռ «Բարգավաճ Հայաստանն» իր որոշումը կընդունի վաղը՝ այդ հարցով խմբակցությունում նիստ գումարելուց հետո։ «Ընդհանուր առմամբ միասնական մթնոլորտ կա քառյակում»,-պնդել է Լևոն Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև հավելել է, թե արդյունավետ քննարկում է եղել «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետ. «Իրենք շատ օրինակներ բերեցին, որ ճնշումներ են անում մարդկանց վրա, բայց մենք նաև որոշում ընդունեցինք, հասկանալի է, որ եթե մենք մերժում ենք իշխանության մոտեցումները, ճիշտ կլինի, որ լինի այլընտրանք այդ ռեֆորմին, որն ընդունելի է հասարակության համար»,-նշել է նա և հայտարարել, որ իրենք որոշել են համագործակցել քառյակով ու «Դ!ԵՄ ԵՄ»-ով՝ միասնական այլընտրանք ստեղծելու ուղղությամբ:

«Համարում ենք, որ եթե միասնական այլընտրանք ստեղծվի, կունենա 80%-ից էլ ավելի աջակից՝ նկատի ունեմ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ 80%-ը չի ընդունում այս նախագիծը»,-նշել է նա։

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ կառավարության այս փաստաթղթերին բոլորը շուտով կծանոթանան, իրենք այն կհրապարակեն՝ բացելով փակագծերը. «Հիմնական խնդիրներն այն են, որ ի վերջո պարտադիր բաղադրիչը գործելու է ամբողջ պետական սեկտորի համար, տասնյակ հազարավոր մարդկանց համար, իսկ մասնավորի համար դրա գործածությունը հետաձգվում է երեք տարով, բայց մենք պարտադիրը որևէ տեսքով չենք ընդունում»,-եզրափակեց նա:

Հանդիպումից հետո «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները հայտարարել են, որ դեմ են այն սկզբունքներին, որով կառավարությունը ցանկանում է ներկայանալ պարտադիր կուտակային օրենքի նոր փաթեթով, որովհետև դրանք ներառում են ոչ թե գործնական քայլեր նախկին օրենքը փոփոխելու ուղղությամբ, այլ նպատակ ունեն տարբեր բառերով նույն համակարգը կիրառել: Շարժման անդամները համաձայն են միմիայն օրենքի կամավոր սկզբունքին:

«Պարզ երևում է, որ իշխանությունը հետ չի կանգնելու իր մտադրությունից, ուրեմն կլինեն ավելի բուռն ակցիաներ, եթե կառավարությունը շարունակի նման գործելաոճը: Կառավարությունը ցանկանում է արտահերթ նիստով ներկայացնել այդ փաստաթուղթն ու օրենքն անցկացնել, ուրեմն մենք, բոլոր օրինական ճանապարհները օգտագործելով, անելու ենք ամեն ինչ` խոչընդոտելու այդ մտադրությունը: Հասարակական մեծ ճնշում պետք է լինի, եթե իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ հակասահմանադրական ձևով օրենքը կիրառել: Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- նշել են «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները, գրում է «Երկիրը»:

Կառավարությունում հունիսի 14-ին վարչապետի գլխավորությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են ԱԺ Հանրապետական, ԲՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը քննարկվել են օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը մանրամասնեց, որ աշխատանքային հանդիպմանը նախագծի որևէ գրավոր կամ էլեկտրոնային տարբերակ չի ներկայացվել, քննարկումը եղել է բանավոր։ Ըստ նրա, Կառավարության ներկայացրած հիմնական մոտեցումներից է ոչ պետական հատվածի համար չկիրառել պարտադիր բաղադրիչը, բայց ժամանակավոր՝ մինչև 2017-ի հուլիսի 1-ը։ Ինչ վերաբերում է պետական հատվածին, ապա գործադիրն ուզում է պարտադիր գանձումներ անել այն քաղաքացիներից, ում աշխատավարձը հուլիսի 1-ից պետք է բարձրանա։

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ «պարտադիրը պիտի լինի՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն»։

«Բայց նաև վերապահումով եմ մոտենում, որովհետև մինչև պարտադիրի լինելը պիտի հասարակության հետ աշխատվեր: Հիմա կառավարությունը փորձում է այդ աշխատանքի դաշտը ստեղծել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է նա։

Ինչ վերաբերում է հասարակությանը երկու մասի բաժանելու փորձերին, քանի որ պետական աշխատողներից գանձումներ կլինեն, իսկ մասնավորի դեպքում՝ ոչ, ապա Գալուստ Սահակյանը նշել է. «Խնդիրն այն է, որ պետության վարած քաղաքականության կարևորագույն առաջին գծի վրա կանգնած անձերը պետբյուջեից աշխատավարձ ստացող և համակարգը պահող քաղաքացիները պետք է լինեն: Մասնավորապես, նաև հուլիսի մեկից աշխատավարձերը բարձրանում են»։

«Քանի որ պետությունը որոշակի տոկոսով բարձրացնելու է պետաշխատողների աշխատավարձը, ենթադրում են, որ կարող են, օրինակ, 40 տոկոսի փոխարեն այն բարձրացնել 35 տոկոսով։ Այսինքն, այդ 5 տոկոսը պետական բյուջեի միջոցով կդրվի համապատասխան ֆոնդերում, ինչպես նաև պետությունը կշարունակի ավելացնել ևս 5 տոկոս։ Ւսկ նրանց համար, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում (որը հուլիսի 1-ից դառնում է 50 հազար դրամ․- խմբ․), պետությունն այնպես կանի, որ այդ գումարը մաքուր ստանան»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ, ըստ քննարկվածի, ոչ պետական հիմնարկների աշխատակիցների համար կամավորության սկզբունքով համակարգին միանալու առաջարկը շարունակելու է գործել ու նրանց համար պետությունն իր հերթին ֆոնդերին կփոխանցի նախատեսված 5 տոկոսը։

Իր հերթին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Կառավարության ներկայացրած նախնական արդյունքները, որոնցով փորձել են որոշակի սկզբունքներ ձևավորել, ըստ էության, իրենց խմբակցության ու «Դ!ԵՄ ԵՄ»-ի պահանջներին չեն համապատասխանում։

Պատգամավորի խոսքով, Կառավարության հետ նման քննարկումներին ներկայացրել են հստակ դիրքորոշում, ըստ որի՝ պարտադիր բաղադրիչը չի կարող գործել, գոյություն ունենալ, անկախ ժամկետներից ու նրանից՝ վերաբերում է պետական, թե՝ մասնավոր հատվածին։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---