Հարցում. Ռուսաստանցիների մեծ մասն ի դեմս Հայաստանի տեսնում է ԵՏՄ նոր անդամի

Հարցում. Ռուսաստանցիների մեծ մասն ի դեմս Հայաստանի տեսնում է ԵՏՄ նոր անդամի

PanARMENIAN.Net - Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է սոցհարցման տվյալներն այն մասին, թե ինչպես են ռուսաստանցիները վերաբերվում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի անդամակցությամբ, ինչպիսին կցանկանային տեսնել այդ միավորումը, որ քաղաքը կարող է դառնալ նրա մայրաքաղաքը, ինչպես նաև ԱՊՀ որ երկրներին կարելի է հրավիրել անդամակցության: Ինչպես ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ, Եվրասիական տնտեսական միությունը մեծ աջակցություն է վայելում ռուսաստանցիների շրջանում՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միավորմանը դրական է վերաբերվում ՌԴ քաղաքացիների 70 տոկոսը:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիրը:

Հարցման մասնակիցների միայն 4 տոկոսն է բացասաբար արտահայտվել միավորման ստեղծման մասին: Իսկ ռուսաստանցիների մեկ քառորդը՝ 25 տոկոսը, դժվարացել է որոշակի վերաբերմունք հայտնել:

Ռուսաստանցիների 41 տոկոսը Եվրասիական միությունը ցանկանում է տեսնել որպես նոր միավորում, որն իր ձևը կունենա ու աշխատանքի սկզբուքները: Այդ դիրքորոշումն ավելի հատուկ է բարձր կրթությամբ հարցման մասնակիցներին՝ 76 տոկոս, քան տարրական կրթությամբ մարդկանց՝ 19 տոկոս: Յուրաքանչյուր չորրորդը (27 տոկոս) կողմ է որպեսզի միությունը ԽՍՀՄ նոր դրսևորումը լինի՝ պահպանելով մասնակից երկրների քաղաքական անկախությունը: Եվս 10 տոկոսւ կարծում է, որ ԵՏՄ-ն պետք է լինի Եվրամիության եվրասիական տարբերակը:

Որպես ԵՏՄ հավանական մայրաքաղաք յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցի առաջարկում է ընտրել Եկատերինբուրգը՝ 34 տոկոս: Մոսկվայի օգտին հանդես է գալիս հարցվածների 28 տոկոսը, ընդ որում գյուղերի բնակիչներն ավելի հաճախ՝ 26 տոկոս, քան մոսկվաբնակները կամ պետերբուրգցիները՝ 17 տոկոս: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի թեկնածությանը կողմ է հարցվածների 16 տոկոսը: Միայն 5 տոկոնս է որպես մայրաքաղաք տեսնում Մինսկը, ևս 4 տոկոսն այլ քաղաքներ են առաջարկել:

Այն երկրների թվում, որոնց անդամակցությունը ԵՏՄ-ին ցանկալի է, ռուսաստանցիներն առավել հաճախ անվանել են Հայաստանը՝ 45 տոկոս: Հայաստանի ղեկավարությունն արդեն հայտարարել է ԵՏՄ-ին անդամակցելու մտադրության մասին: Ադրբեջանին, Ղրղզստանին և Մոլդովային Միությունում ցանկանում է տեսնել յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցի՝ 23, 20 և 20 տոկոս համապատասխանաբար: ԵՏՄ-ին Ուզբեկստանի մասնակցության օգտին է հանդես գալիս հարցվածների ընդամենը 17 տոկոսը, Տաջիկստանի ու Վրաստանի՝ 14 տոկոսը: Ավելի քիչ են ԵՏՄ-ում Ուկրաինային տեսնել ցանկացողները՝ 10 տոկոս: Իսկ հարցվածների 13 տոկոսը կարծում է, որ ԵՏՄ-ն դեռ չպետք է ընդլայնվի:

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցման մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: յդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին, ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը»,- գրել է Իդրիսովը՝ պատասխանելով օգտատերերի հարցին Twitter հեռարձակման ընթացքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին արտգործնախարարությունում կայացած դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում:

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

«Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,-ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում: Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ: «Ստորագրման ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել: Որոշվել է նախապատրաստել պայմանագիրը: Երեկ պայմանագիրն ուղղվեց միջպետական համաձայնեցման, և քանի որ հարցերը շատ խորն են ուսումնասիրվել, հուսով ենք, որ միջպետական համաձայնեցումը երկար չի տևի»,- ասել է Քոչարյանը:

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրման համար պատրաստ կլինի այս ամսվա վերջում: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն այժմ պետք է որոշեն ստորագրման վայրն ու ժամկետը»,- հունիսի 26-ին հայտարարել է ԵՏՄ ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին:

Ավելի վաղ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կարծիք էին հայտնել, որ Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման ժամկետները հետաձգվում են:

Մայիսի 29-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:

«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---