Նախագահն Արգենտինայում է. Ցեղասպանության ճանաչումը, հայ համայնքը, ՄՄ-ն, 400 մլն դոլար ներդրումներն ու ֆուտբոլը

Նախագահն Արգենտինայում է. Ցեղասպանության ճանաչումը, հայ համայնքը, ՄՄ-ն, 400 մլն դոլար ներդրումներն ու ֆուտբոլը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ: Նկատի առնելով, որ Արգենտինայի նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչների առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ:

Վերջինը ողջունել է ՀՀ նախագահին՝ նշելով, թե ուրախ է արձանագրելու, որ Հայաստանի նախագահի այցը տարածաշրջան սկսվում է Արգենտինայից, ինչը, նրա համոզմամբ, ոչ միայն հայ-արգենտինյան բարեկամության, այլև այդ բարեկամությունը գործնական հարթություն տեղափոխելու երկկողմ փոխադարձ պատրաստակամության և վճռականության վկայությունն է, որի ուղղությամբ մինչ այս Արգենտինայի նախագահ տիկին Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները մեծ աշխատանք է կատարել: Ամադո Բուդուն կարևորել է այցի արդյունքներով երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որն ավելի կամրապնդի Հայաստանի և Արգենտինայի միջև կապերը մի շարք ոլորտներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ մեծապես կարևորելով արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդան գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ հայաստանյան տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն Արգենտինան է: Նրա խոսքով, մոտ 400 մլն ԱՄՆ դոլարի հասնող այդ ներդրումներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ունենում հայ-արգենտինյան առևտրատնտեսական հարաբերությունների վրա:

Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԱՀ գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին նաև հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ:

Նախագահն այցելել է նաև Սան Մարտինի հրապարակ և ծաղկեպսակ դրել Արգենտինայի անկախության պայքարի մարտիկ Սան Մարտինի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, որից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Բուենոս Այրեսի քաղաքապետարան, հանդիպել քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Բուենոս Այրեսում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշման համար, որը, ըստ նախագահի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի կողմից ևս մեկ անգնահատելի քայլ է:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Մաուրիսիո Մակրին Հայաստանի նախագահի այցի կապակցությամբ նրան է հանձնել Բուենոս Այրեսի բանալին և քաղաքի Պատվավոր այցելուի պատվոգիրը: Քաղաքապետարանից մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գրառում է թողել քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում:

Պաշտոնական այցի շրջանակներում կայացել է հանդիպում Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ:

Ի պատիվ պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանի՝ տրվել է պաշտոնական ճաշ:

«Հայաստանի և Արգենտինայի միջև առկա են համագործակցության մի շարք հեռանկարային ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն և այլն: Այստեղ մենք արդեն ունենք հպարտության արժանի ձեռքբերումներ. Հայաստանում կատարված ներդրումների ծավալով Արգենտինան աշխարհի պետությունների շարքում այսօր զբաղեցնում է երրորդ տեղը: Այս կարևոր ձեռքբերման մեջ, իհարկե, մեծ է մեր կողմից շատ սիրված արգենտինահայ անվանի գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանի դերը:

Եկել է պահը նորովի իմաստավորելու լատինամերիկյան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը: Մեր ցանկությունն է, որ Արգենտինան Հայաստանի համար յուրատեսակ դարպաս լինի դեպի հարավամերիկյան տարածաշրջան: Հայաստանն էլ կարող է կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ»,- բաժակաճառի ժամանակ ասել է ՀՀ նախագահը:

Նա նշել է, որ Հայաստանում լավ են ճանաչում Արգենտինայի հարուստ մշակույթը՝ երաժշտությունը, գրականությունն ու կինոարվեստը: Տանգոյի ամենամյա փառա-տոնը, որն իրականցվում է Արգենտինայի դեսպանության հովանավորությամբ, դարձել է Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից:

«Օգտագործելով այս առիթը՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Արգենտինային, նախագահ դե Կիրշներին և իր երջանկահիշատակ ամուսնուն, նախագահ Նեստոր Կիշներին` Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ներդրած մեծ ավանդի համար: Սա առավել արդիական է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ աշխարհասփյուռ հայությունը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում հարգանքի տուրք են մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Հայ և արգենտինացի ժողովուրդների միջև բարեկամության խորացման գործում անգնահատելի դերակատարություն ունեն Արգենտինայում հաստատված հայերը: Մեր հայրենակիցների մի ստվար հատված այս հեռավոր և հյուրընկալ ափերում հայտնվել են հենց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքով: Հիրավի, ճշմարիտ է ասված, որ փորձության պահին երբեք չգիտես, թե որտեղից կգա սփոփանքն ու հույսը: Մենք հավերժ երախտապարտ ենք Արգենտինային Մեծ Եղեռնը վերապրածներին գրկաբաց ընդունելու, պատսպարելու և նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար: Իրենց հպարտորեն արգենտինացի կոչելով հանդերձ, արգենտինահայերը հպարտ են իրենց հայկական արմատներով, ազգային հարուստ մշակույթով և ավանդույթներով»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն անդրադարձել է նաև ֆուտբոլին.

«Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին գտնվելով Բուենոս Այրեսում՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել` ոչ միայն Արգենտինայում, այլ նաև Հայաստանում ամենասիրված այդ մարզաձևը: Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ և առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոննայի և Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---