Ադրբեջանցի դիվերսանտների դեմ քրգործ է հարուցվել․ Նրանց ձերբակալել են

Ադրբեջանցի դիվերսանտների դեմ քրգործ է հարուցվել․ Նրանց ձերբակալել են

PanARMENIAN.Net - ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից, քրգործը հարուցվել է ԼՂՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանք են՝ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի КМС տեսակի TD 2042 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի ПМ տեսակի ВА 0033 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի АКМС տեսակի TF 7373 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի ПМ տեսակի СН 3478 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում ոչնչացվել է:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը ձերբակալված են:

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Հարուցված քրգործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Գործն ԱԱԾ վարույթում է, տարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իր հերթին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ դիվերսիոն-հետախուզական խմբի անդամները հանցագործություն են արել և պատասխան կտան օրենսդրության ու միջազգային նորմերին համաձայն։

Նրա խոսքով, այդ մարդիկ դիվերսիոն-հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում դրանում հակառակորդն օգտագործում է նաև հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին:

Նախարարի պնդմամբ, Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել և լարվածություն ստեղծել՝ ներքաղաքական, միջազգային խնդիրներ իրականացնելու համար, ազդել այն կառույցների վրա, որոնք զբաղվում են ԼՂ խնդրով, գրում է Panorama.am-ը:

«Հայաստանն ու Արցախը, մեր ժողովուրդը, երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմել, և Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել, ունեցել է հաջողություններ, հաղթանակ տարել: Հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա` միակողմանի հաջողություններ, միակողմանի զիջումներ ունենալու: Երկխոսությունը և վստահության մթնոլորտի ձևավորումն է այն միակ ճանապարհը, որով կարող ենք ԼՂՀ խնդիրը խաղաղ և քաղաքական ճանապարհով հասցնել մինչև վերջ»,- ասել է նա:

Սեյրան Օհանյանը ցավով է նշել, որ այսօր շատ անհատներ կարծիք են հայտնում, թե ծառայությունը թերի է կազմակերպված. «Ովքեր եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ՝ Քարվաճառում, որտեղ որ ԼՂՀ ՊԲ զորքերը հերթապահություն են իրականացնում, գիտեն, որ բարդ լեռնաանտառային պայմաններն այսօր հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել, և այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են, ընդհակառակը՝ այսօր փառք պետք է տանք մեր զինվորներին, ովքեր կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, մեկ հոգու ոչնչացնել և երկուսին գերեվարել»:

Դիտարկմանն ի պատասխան, թե հնչում է կարծիք, որ այդ մարդիկ դիվերսանտներ չեն, նա հորդորել է, որ հասարակությունը թույլ տա համապատասխան գնահատականներ տան մասնագետները:

«Եթե բանակային գործընթաց է, եթե զինված ուժերին է առնչվում, ապա թույլ տվեք զինված ուժերի ղեկավարությունը և համապատասխան փորձագետներն այդ գնահատականը տան: Մենք մեր գնահատականը տվել ենք՝ դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ են: Միգուցե ուղեկցորդներ են: Քրեական գործը մինչև վերջ պատասխան կտա»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով 17-ամյա տղայի անհետացմանը, Սեյրան Օհանյանը չի բացառել, որ դեպքը կարող է կապված լինել Քարվաճառում չեզոքացված դիվերսիոն խմբի հետ:

Հուլիսի 7-ին՝ ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը դիմել էր ոստիկանության շրջբաժին՝ նշելով, որ որդին՝ Սմբատ Ցականյանը (ծնված 28.04.1997թ.) հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:

«Հնարավոր է, որ քրեական գործի ընթացքում դիվերսիոն հետախուզական խումբը, այս անդամները կապված լինեն ԼՂՀ քաղաքացու անհետացման հետ: Քրեական գործը դա կպարզի»,- նշել է նախարար Օհանյանը:

Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ երիտասարդին սպանել են, նախարարը նույն պատասխանն է տվել. «Քրեական գործով կպարզվի»:

Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից` միաժամանակ ջանալով, որ նրանց ռազմագերու կարգավիճակտրվի:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---