Հայոց ցեղասպանության թեման Տորոնտոյի դպրոցների ծրագրից հանելու թուրքերի փորձերը ձախողվել են

Հայոց ցեղասպանության թեման Տորոնտոյի դպրոցների ծրագրից հանելու թուրքերի փորձերը ձախողվել են

PanARMENIAN.Net - Տորոնտոյի դպրոցնելում Հայոց ցեղասպանության մասին դասընթացը չեղյալ համարելու Կանադայի թուրքերի ջանքերն անհաջողության են մատնվել: Ընդ որում պաշտոնյաները հայտարարել են, որ Ցեղասպանության թեման կդասավանդվի նաև առաջիկա տարիներին, հայտնում է Rudaw-ը:

Ավելի վաղ այս տարի Կանադայի թուրքերը մոտ 2,200 ստորագրություն հավաքեցին Change.org կայքում զետեղված առցանց խնդրագրի տակ, որը կոչ է անում հանել Հայոց ցեղասպանության մասին մոդուլը Տորոնտոյի շրջանային դպրոցների ուսումնական ծրագրից:

Խնդրագրում Կանադայի խոշորագույն Դպրոցական խորհրդից պահանջվում էր բացառել ցանկացած հղում Հայոց ցեղասպանության վրա, այն հիմնավորմամբ, թե դա «վարկաբեկում է պատմության մեկնաբանությունը մի հանրության կողմից հօգուտ մեկ այլ հանրության մեկնաբանության» և «բացասաբար է ազդում թուրքական և թրքալեզու ժառանգությունը կրող աշակերտների վրա»:

2008 թվականից ի վեր Հայոց ցեղասպանությունը դասավանդվում է «Ցեղասպանությունը և հանցագործությունները մարդկության դեմ» միջին դպրոցի դասընթացի շրջանակում:

Ինչպես հայտնել են շրջանի պաշտոնյաները, դասընթացն «առաջարկվում է որոշ միջնակարգ դպրոցներում, որտեղ աշակերտները որոշակի հետաքրքրություն են դրսևորում, այն համաձայնեցված է ոչ միայն Կանադայի կառավարության, այլ նաև կոնկրետ այդ թեման հետազոտող գիտնականների հետ»:

Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը մտադիր չէ առաջիկա տարիներին հրաժարվել այս դասընթացից, հայտարարել է շրջանի մամուլի քարտուղարը:

Տորոնտոն Կանադայի ամենամեծ դպրոցական շրջաններից է, որի 600 դպրոցներում սովորում է մոտ 232 հազար աշակերտ, ներառյալ օտարերկրացիների:

Կանադայի թուրքական միությունների դաշինքը, որը սատարում էր խնդրագրին և փորձում էր հասնել նրան, որ Ցեղասպանության թեման չդասավանդվի, ապրիլին արշավ անցկացրեց Տորոնտոյում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ:

Թեև խնդրագիրը կարող էին ստորագրել բոլոր երկրների ներկայացուցիչները, այն հավաքեց ընդամենը 2, 255 ստորագրություն ամբողջ աշխարհից, թեև ասվում էր, որ Կանադայում թուրքական արմատներով մոտ 50 հազար մարդ է ապրում:

Առցանց խնդրագրի նախաձեռնողները Տորոնտոյի դպրոցների թուրք աշակերտների ծնողներն էին: Խնդրագրում ասվում էր, որ նրանք «խորապես մտահոգված են «Հայոց ցեղասպանություն» մոդուլի բացասական ազդեցությամբ աշակերտների վրա և պնդում էին, որ «դա նպաստում է անմեղ երեխաներին ծաղրի ենթարկելուն, ահաբեկելուն, ինչը կարող է նրանց ֆիզիկական ու հոգևոր վնաս հասցնել»:

Սակայն, Տորոնտոյի խորհրդարանի նախկին անդամ Ջիմ Քարիջանիսը հայտնել է, որ դպրոցներում թուրք աշակերտներին ահաբեկելու ոչ մի դեպք չի եղել: Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության և մյուս ցեղասպանությունների դասավանդումը թույլ կտա առաջիկայում խուսափել ոճիրներից:

Քարիջանիսը նաև զգուշացրեց, որ դասագրքերում Հայոց ցեղասպանության վրա հղումներից հրաժարվելը կարող է կասկածի տակ դնել մյուս ցեղասպանությունների մասին մոդուլները, ինչպիսիք են Հոլոքոսթը, Ուկրաինական սովամահությունը և 1932-1933 թթ. ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունն ու Անֆալկի արշավը Իրաքյան Քրդստանում 1980-ականներին:

«Պատմությունը չի կարելի փոխել: Մենք պետք է սովորենք պատմության օրինակների վրա և առաջ շարժվենք՝ չկրկնելով սխալները»,-ասել է Քարիջանիսը:

Տորոնտոյից քուրդ իրավաբան Հադյաթ Նազամին նամակ է գրել Change.org կայքին, լուրջ մտահոգություն հայտնելով խնդրագրի վերաբերյալ՝ անվանելով այն ատելության քարոզչություն: Իր նամակում Նազամին բնութագրել է թուրքական խնդրագիրը որպես «դասագրքերն ու ուսումնականա ծրագրերը գրաքննության ենթարկելու պահանջ»:

Նազամիի դիրքորոշումը հանգեցրել է բանավեճի գիտնականների ու հասարակական կազմակերպությունների շրջանում խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված համարժեք միջոցների մասին, երբ խոսքը գնում է վերապրածների տառապանքները հարգելու մասին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---