Ռուս փորձագետները ղարաբաղյան զարգացումների մասին. Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

Ռուս փորձագետները ղարաբաղյան զարգացումների մասին. Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

PanARMENIAN.Net - Իրավիճակի թեժացումը ղարաբաղյան և ադրբեջանական ԶՈւ շփման գծում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին պայմանավորված է ոչ այնքան տարածաշրջանային, որքան գլոբալ գործոններով: Այդ մասին հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար ավագ գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

Փորձագետը նշել է, որ հարաբերությունների սրացում է նկատվում գլոբալ մակադակով՝ Ռուսաստանի և ԱՄՆ, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ԵՄ միջև:

«Եվ պատճառն Ուկրաինան չէ, այլ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը, որն այն համոզման է եկել, որ ՌԴ դիրքորոշումն Իրաքի, Սիրիայի և այլնի մասին անընդունելի է ԱՄՆ համար»,-նշել է մասնագետը:

Ըստ նրա, «վերջ տալ Մոսկվայի ինքնուրույն քաղաքականությանը կարելի է միայն մեկուսացնելով նրան միջազգային ասպարեզում, տնտեսական պատժամիջոցներ կիրառելով ու ապակայունացնելով Ռուսաստանին սահմանակից տարածաշրջանները»:

«Իրավիճակն Ուկրաինայում և լարվածության աճը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հենց այդ համատեքստում են տեղի ունենում»,-ասել է Ալեքսանդր Կռիլովը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում «հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չկարողանա երաշխավորել Հայաստանի անվտանգությունն ու հեռանա տարածաշրջանից»:

«Եվ թեև նման հնարավորությունը չի կարելի բացառել, սակայն, ավելի հավանական է, որ Ռուսաստանը կպահպանի գլխավոր համաշխարհային խաղաղցողներից մեկի դերը և մեր արևմտյան գործընկերները ստիպված կլինեն առավել, քան նախկինում, հաշվի նստել նրա շահերի հետ: Այդ դեպքում լարվածությանը փոխարինելու կգա հերթական լիցքաթափումը: Իրադարձությունների նման ընթացքը կնպաստի նաև իրավիճակի կայունացմանը ղարաբաղյան հակամարտության գոտում և Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ»,-ամփոփել է Ալեքսանդր Կռիլովը, հայտնում է Panorama.am-ը:

Մինչդեռ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը կարծում է, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը պետք է զորքերը զորամասեր վերադարձնի:

Այն հարցին, թե որն է հակամարտության սրման պատճառը և կարող է արդյոք այն անդառնալի ընթացք ստանալ, դեսպանը հայտարարել է, որ կուզենար հավատալ, որ չպետք է որ այդպես լինի: «Բանն այն է, որ միջադեպերն այդ հակամարտությունում արդեն մի տեսակ սովորական են դարձել: Բանն այն է, որ 20 տարի առաջ պարտվելով ռազմական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարությունը փոխզիջումներ որոնելու փոխարեն, պայքարելով «օկուպացիայի» դեմ, ցավոք սրտի, քիչ չի անում ստատուս քվոն ամրապնդելու համար: Միջադեպերի շարքի առաջնային պատճառը հենց Բաքվի այս քաղաքականությունն է»:

Ըստ նրա, այնպիսի տպավորություն է, որ դեռ պահպանվում է այս հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության վերաբերյալ միասնական մոտեցումը: «Ես նույնիսկ բարի նախանձով եմ լցվում, քանի որ ԵԱՀԿ ՄԽ գործող համանախագահները բավականին համահունչ են աշխատում, ինչն, անշուշտ, իմ ժամանակներում պակասում էր»,-ասել է Վլադիմիր Կազիմիրովը:

Անդրադառնալով օգոստոսի 8-9-ին կայանալիք նախագահների հանդիպմանը Սոչիում և նրան, թե կարող է դա արդյոք նպաստել, որ զորքերը վերադառնան զորամասեր, Վլադիմիր Կազիմիրովն ասել է. «Պետք է որ նպաստի: Ես կարծում եմ, որ դրանում է այս հանդիպման իմաստը: Այս իրավիճակում այդ խնդիրը հավանաբար առաջնային կլինի»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Օգոստոսի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ շաբաթվա ավարտին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, և, հավանաբար, կքննարկվի նաև ղարաբաղյան թեման: «Անշուշտ, մենք կխոսենք Ադրբեջանի ու Հայաստանի մեր գործընկերների հետ այն մասին, թե ինչպես կարելի է մեր կողմից, ԵԱՀԿ ՄԽ կողմից, համանախագահների կողմից առաջին հերթին նպաստել վստահության ամրապնդմանն ու առճակատման ռիսկերի նվազեցմանը»,-հավելել է Լավրովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն Սոչիում:

Իր հերթին, ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության հաղորդագրության, «Alte et Certe» վերլուծական գործակալության ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը քիչ հավանական է համարում բախումների վերաճումը լայնածավալ պատերազմի: Չնայած հսկայական ռազմական ծախսերին և մեծաքանակ սպառազինության գնումներին, հաղթանակի հավանականությունը Ադրբեջանի համար ոչ թե միանշանակ չէ, այլ ուղղակի փոքր է, այն դեպքում, երբ ռիսկերը, որոնք կլինեն պարտության դեպքում, շատ լուրջ են: Ըստ նրա, հենց դա էր նախկինում զսպում Բաքվին պատերազմ սանձազերծելուց և, բացի բարենպաստ միջազգային ֆոնից, այստեղ Ադրբեջանի համար ոչինչ չի փոխվել:

Դրական գործոն է այն, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները համաձայնվել են հանդիպել ու քննարկել վիճակը: Դա վկայում է այն մասին, որ կողմերը պատրաստ են լուծումներ փնտրել բանակցությունների սեղանի շուրջ: Չնայած որ որոշ ադրբեջանցի փորձագետներ համարում են, որ Ալիևն այդ հանդիպմանը վերջնագիր կներկայացնի Սարգսյանին՝«կամ վերադարձրեք Ղարաբաղը, կամ պատերազմ կլինի», ինձ թվում է, ամեն ինչ այդքան ռազմատենչ չի լինի:

Եպիֆանցևը գտնում է, որ ակնհայտորեն, հանդիպմանը կքննարկվի հրադադարի հարցը: Ադրբեջանը որոշ երաշխիքներ կուզի, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ՄՄ և ԵՏՄ սահմաններում, հրադադարի ռեժիմը կվերականգնվի, իսկ հայկական բրենդերով ղարաբաղյան ապրանքների մասին հռետորաբանությունը կմեղմանա: Միևնույն ժամանակ, այդ հրադադարը փխրուն կլինի: Ինչ-որ պահի Բաքվի նյարդերը կարող են տեղի տալ և, չնայած նման քայլի ողջ անտրամաբանությանը, նա կարող է լայնածավալ ռազմական գործողություն սկսել: Այդ քանակի զենքը չի գնվում զինատեսակների թանգարան բացելու համար: «Ցանկալի կլիներ, որ խաղաղ հանգուցալուծման գործընթացն արագանար, սակայն, ցավոք, ակնհայտ ուղիներ դեռ ոչ ոք չի տեսնում, այդ թվում նաև ամերիկացիները, որոնք վերջին կես տարում բուռն գործունեություն են ծավալել Ղարաբաղի շուրջ»,-ասել է նա:

Օգոստոսի 4-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չնայած իրավիճակը լարված է, լայնածավալ պատերազմի համար հենք չկա: Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության խղճին են ծանրացած երկու կողմերի կորուստները:

«Իրավիճակն առաջնագծում լարված է, մեր հարևանները, անկասկած, ցանկացած պահի կարող են սադրանքներ կազմակերպել, որոնք կարող են վերաճել պատերազմի, բայց վերջին օրերի միջադեպերի վերլուծությունները ցույց են տալիս՝ լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա»,- ասել է նախարարը։

Հայկական բանակի յուրաքանչյուր զինծառայող «ունի ռազմական վարպետության այն աստիճանը, գիտելիքները, հմտություններն ու ունակություններ, որոնք փորձառու զինծառայողներից այդքան էլ քիչ չեն»՝ անդրադառնալով զինվորների պատրաստվածությանը, համոզմունք է հայտնել նախարար Օհանյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---