Ադրբեջանի ՊՆ հոխորտանքը կամ ինչպես էր Ալիևը կացին թիկունքի հետևում «հաճոյախոսում» Սոչիում

Ադրբեջանի ՊՆ հոխորտանքը կամ ինչպես էր Ալիևը կացին թիկունքի հետևում «հաճոյախոսում» Սոչիում

PanARMENIAN.Net - Բաքուն «չէր կարող չարձագանքել» Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ վերջինս ներկայացրեց իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ և ապագա հեռանկարներն Ադրբեջանի համար, եթե վերջինս խելքի չգա և չվերադառնա կառուցողական բանակցությունների: Ադրբեջանական կողմի արձագանքը սպասելի էր: Բայց ոչ այն ոճը, որով դա արվեց: Կարծես թե լուրջ համարվող գերատեսչության՝ պաշտպանության նախարարության հայտարարությունն ավելի շուտ հիշեցնում է սկսնակ գրամոլի հորինվածք:

Մասնավորապես, դա վերաբերում է Սերժ Սարգսյանի անդրադարձին Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրթիռային հարվածներ հասցնելու ու «Երևանը երկրի երեսից ջնջելու» սպառնալիքներին: Հայաստանի նախագահը այս հայտարարությունը համարեց հոխորտանք և զգուշացրեց. «Նրանք (Ադրբեջանը) հիանալի գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց շառավիղը 300 կմ ավելի է և որոնք կարող են շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել ավերակների, ինչպիսին են Աղդամի ավերակները: Սա ընտրության հարց է: Եթե դա է նրանց ընտրությունը և նրանք որոշել են, որ պետք է լայնածավալ ռազմական գործողությունների գնան և որպես թիրախ կարող են ընտրել նույնիսկ Հայաստանի ոչ սահմանամերձ բնակավայրերը, ապա թող մտածեն իրենց պատասխանատվության մասին»:

Անհապաղ հետևեց Բաքվի պատասխանը. «Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ այն ռազմական տեխնիկան, որն ունեն Հայաստանի Զինված ուժերը, անհամեմատելի է Ադրբեջանի ամենաժամանակակից սպառազինության ու տեխնիկայի հետ: Հայկական բանակի զինանոցում առկա անսարքի, ժամկետանց ու հնացած խորհրդային զենքն ու զինամթերքը, այդ թվում «Սկադ» տեսակի բալիստիկ հրթիռները, որոնք հայտնի են որպես «կերոսինի լամպ», չեն կարող ոչ միայն ոչնչացնել որևէ օբյեկտ, այլ նույնիսկ օդ բարձրանալ»:

Որպես տեղեկանք. «Սկադ» տիպին են պատկանում խորհրդային արտադրության Р-17 հրթիռները, որոնք «Էլբրուս» համալիրի բաղադրիչ մաս են կազմում: Վերջիններիս գործողության շառավիղը հասնում է 300 կմ: Գոյություն ունեն այս հրթիռի տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք ընդունակ են կրել ամենատարբեր մարտագլխիկներ: Հրթիռի գործարկումից հետո նրա գործած ավերածություններն գնահատելն անհնար է: 1950-ականների կեսին ստեղծված հրթռիներին հակազդելու միջոց մինչ օրս չի ստեղծվել:

Սա միայն «Սկադի» մասով, եթե լռենք մյուս սպառազինության մասին:

Բայց խոսքը դրա մասին չէ: Բանն է այն է, որ Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ թե շատ ադեկվատ էր, հույս հայտնելով, որ «առաջիկայում բանակցությունների, խաղաղ ճանապարհով հնարավոր կլինի գտնել ղարաբաղյան խնդրի լուծումը, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև արդարությանը»:

Կարծես ամեն ինչ կարգին է: ՌԴ նախագահի ներկայությամբ Ալիևը զենք չէր ճոճում, պատերազմի կոչեր չէր անում, ինչպես դրանից տառացիորեն երկու օր առաջ իր Twitter-ում: Սուս ու փուս նստել ու համավոր համաձայնվում էր բանակցությունների:

Բայց արդեն մի քանի ժամ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրկին սպառնում է, «որ նորագույն, արդիական ու բարձր ճշգրտության զենքով սպառազինված ադրբեջանական բանակը կավերի ցանկացած ռազմավարական օբյեկտ Հայաստանի տարածքում»:

Գուցե Ալիևը տեղյակ չէ իր ենթակաների գործողություններին: Թե՞ ադրբեջանական սովորության համաձայն երեսին «հաճոյախոսում է», իսկ թիկունքում կացին պահում: Թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդե՞ս է գալիս «քավության նոխազի» դերում: Իսկ գուցե ադրբեջանցի պաշտոնյաները կարողանո՞ւմ են հոխորտալ միայն սեփական հողի վրա, օտարության մեջ մոռանալո՞վ «տղամարդու արժանապատվության» մասին:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---