Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդ հրադադարը խախտել է 250 անգամ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդ հրադադարը խախտել է 250 անգամ

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 250 անգամ, որի ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայդիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 240 անգամ խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 48 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ և ՀՀ ԶՈւ, և ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

«Ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումները հերթական անգամ վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով, կամ` ադրբեջանական զինված ուժերի` սահմանագոտում տեղակայված ստորաբաժանումները չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, զբաղված են ինքնագործունեությամբ և հաշվետու չեն հրամանատարությանը սպառած ռազմամթերքի համար, եթե, իհարկե, նման հաշվարկներ Ադրբեջանի զինված ուժերում ընդհանրապես տարվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---