BBC-ն՝ Բիրմայի հայերի մասին. Երբեմնի հարուստ ու ազդեցիկ համայնքն անհետանում է

BBC-ն՝ Բիրմայի հայերի մասին. Երբեմնի հարուստ ու ազդեցիկ համայնքն անհետանում է

PanARMENIAN.Net - BBC-ն անդրադարձել է Բիրմայի երբեմնի հարուստ ու ազդեցիկ, իսկ այժմ անհետացող հայ համայնքի պատմությանն ու ներկային:

Երկրի մայրաքաղաք Յանգոնում կանգուն է ժամանակին ազդեցիկ առևտրականների համայնքի Սբ Հովհաննես Մկրտիչ 150-ամյա եկեղեցին: Դրա քահանան Ջոն Ֆելիքսն է, ոչ նա, ոչ եկեղեցու թեմականները հայերեն չեն խոսում: Այցելուներին այսօր կարելի է մատների վրա հաշվել: Կիրակնօրյա պատարագին երբեմն ընդամենը 7 մարդ է մասնակցում:

100 տարի առաջ ամեն ինչ այլ էր: Ըստ եկեղեցական արձանագրությունների, Բիրմայում ժամանակին մի քանի հարյուր հայ ընտանիք էր ապրում: Այսօր հայերն ընդամենը 10-20 են, այն էլ՝ խառը ընտանիքներ: Վերջին զտարյուն հայը մահացավ 2013-ին:

150-ամյա եկեղեցին ներկայումս գրեթե փակման եզրին է, սակայն երկրում վերջին տարիներին նկատվող ներդրումների և զբոսաշրջության աճը հույս է ներշնչում, որ համայնքային կյանքը վերստին կաշխուժանա: Եկեղեցին դիտարկվում է որպես նախկինում Մյանմայում գտնված հայկական ստվար համայնքի գոյության վկայություն: Այն Յանգոնի կենտրոնական փողոցի անկյունում է` որպես խաղաղության կղզյակ` աղմկոտ քաղաքում:

Հայազգի Ռաքել Մինոսը հայերեն չի խոսում, բայց կարողանում է երգել այդ լեզվով, նա հոր՝ եկեղեցու կոչնակի հետ, ամեն կիրակի այցելում է եկեղեցի:

«Իմ պապը զտարյուն հայ էր: Մեր ընտանիքի ազգանունը գալիս է հայկական Մինասյան ազգանունից: Կիսով չափ ենք հայ: Այս եկեղեցին ու պատարագը շատ մեծ նշանակություն ունեն մեզ համար»,- ասում է Ռեյչելը:

Մոտ լինելով Բիրմայի թագավորական արքունիքին, հայ համայնքը բավականին արտոնյալ էլ առևտրականների շրջանում: Ասում են՝ եկեղեցին այն հողատարածքի վրա է, որը ժամանակինհայերին է նվիրել Բիրմայի թագավորը:

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ամեն կիրակի այդտեղ կարելի է հանդիպել տեղաբնակ հայերից ևս մեկին՝ Փերսի Էվերարդին: Այստեղ է Փերսին պսակադրվել տարիներ առաջ՝ եկեղեցում վերջին պսակադրությունն էր: Թե երբ է դաեղել, արդեն ոչ ոք չի հիշում:

Հայ համայնքները Հնդկաչինում առաջացել են Արևելյան Հայաստանից բնակչության արտագաղթից հետո, երբ 250-300 հազար մարդ շահ Աբբասի հրամանով բռնի տեղափոխվեց Պարսկաստան: Հայերի մեծ մասն այնտեղ էլ հիմնավորվեց, սակայն մի մասը ավելի խորացավ դեպի արևելք՝ բազմաթիվ համայնքներ հիմնելով Հնդկաստանից մինչև Մանիլա: Տարիներ շարունակ նրանք առևտրային ցանց էին ստեղծում, որն Ամստերդամից մինչև Մանիլա էր ձգվում:

XIX դարեվերջում Հարավ-Արևելյան Ասիայի բրիտանական գաղութներում անցկացված մարդահամարի տվյալներով մոտ 1300 հայ կար, որոնք հիմնականում բնակվում էին Կալկաթայում (Հնդկաստան), Դաքքայում (Բանգլադեշ) և Յանգոնում, նշում է BBC-ն: Տարիների հետ, սակայն, հայերը գնալով ավելի շատ էին տուժում երկրում քաղաքական ու տնտեսական անկայունությունից, և հեռանում էին, հիմնականում տեղափոխվելով Ավստրալիա:

Եկեղեցու քահանա Ջոն Ֆելիքսը ժառանգել է իր պաշտոնը հորից, որը մոտ 30 տարիեղել է թեմի առաջնորդը և մահացել երեք տարի առաջ: Այսօր նրան շատ է մտահոգում եկեղեցու շենքի վիճակը:

Անկախ ամենից, շենքում պահպանվում է կարգուկանոնը: Եկեղեցին Յանգոնի գաղութատիրական դարաշրջանի հարուստ ճարտարապետական ժառանգության կարևորագույն մասն է, որը գրավում է զբոսաշրջիկներին:

«Կիրակի օրերին այստեղ կարելի է տեսնել ուղղափառ եկեղեցու բոլոր հատկանիշները՝ սրբապատկերներ, եկեղեցական երգչախմբի թովիչ կատարումը: Հայր Ֆելիքսը սքեմ չի կրում, որը ժամանակին կրել է հայրը, սակայն մնացած ամեն ինչում սրբորեն կատարում է ուղղափառ եկեղեցու բոլոր ավանդույթները: Հնարավոր է՝ այդ հավատարմության շնորհիվ է, որ Բիրմայի միակ հայկական եկեղեցին պահպանվել է որպես հոգևոր տուն ինչպես Բիրմայի հայերի ժառանգների, այնպես էլ քրիստոնեական այլ եկեղեցիների ներկայացուցիչների համար»,- գրում է պարբերականը:

Photo: Alamy
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---