Սահմանամերձ համայնքների գործարարները կազատվեն հարկերից. Կառավարությունը կողմ է

Սահմանամերձ համայնքների գործարարները կազատվեն հարկերից. Կառավարությունը կողմ է

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և ևս 8 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է. այս որոշմամբ տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից:

Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն:

Սեպտեմբերի 25-ի կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն:

«Եթե այնտեղ նոր բիզնես-ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր: Պետք է խնդրենք Ազգային ժողովին, որ այս փաթեթն արագ ընդունվի»,- ասել է նա:

Օգոստոսի 18-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ խորհրդարանական 6 խմբակցության անունից օրենսդրական փոփոխությունների համատեղ փաթեթ կներկայացվի ՀՀ կառավարությանը, որը ներառելու է առաջարկներ` ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի սահմանամերձ շրջաններում գործարարներին հարկային արտոնություններ տրամադրվեն, խորհրդային բանկերում սահմանագոտու բնակիչների ունեցած ավանդներն արագ փոխհատուցվեն, բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի վարձերը զեղչվեն

«Կարծում եմ` կառավարությունը պարտավոր է հաշվի առնել և նկատի ունենալ խորհրդարանական խմբակցությունների առաջարկը, քանզի այս պահին գյուղի բնակիչն էլ զինվոր է, թեև անունը զինվոր չէ: Այն պայմաններում, որ այդ մարդիկ ապրում և գործում են, նրանք իսկական զինվորներ են: Մենք դա պետք է հասկանանք ու կարողանանք արտոնություններ ապահովել»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:

Ամփոփելով հարցի քննարկումը` Հովիկ Աբրահամյանը հավելել է. «Իհարկե, սա շատ լավ փաթեթ է: Մենք այն քննարկել ենք ԱԺ հանրապետական խմբակցության հետ և առաջարկել ենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն: Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ցանկություն չի եղել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, Տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է: Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նախարարությունը նույնպես քննարկի, և եթե կան ողջամիտ առաջարկներ և կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք»:

Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին բացասական եզրակացություն է տվել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին»օրենքի նախագծին, որով ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, մասնավորապես՝ ազատել հողի և անշարժ գույքի հարկից, 50 տոկոսով փոխհատուցել գազի, հոսանքի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձը և այլն:

Սեպտեմբերի 18-ի նիստում Կառավարությունը քննարկել է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրինագիծը, որով է «սահմանապահ համայնք» հասկացությունը, մի շարք արտոնություններ են նախատեսվում այդ համայնքների բնակիչների համար: Իր եզրակացության տեքստում Գործադիրը ողջունել է նախաձեռնության հեղինակի նպատակադրումը և նշել, որ վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկությունների հիման վրա կձևավորվի արտոնություն սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով խնդիրը համապարփակ և ամբողջական լուծում կստանա: Կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և գործակցել` խորհրդարանի քննարկմանը միասնական և ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---