Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցման հարցը` ՄԱԿ-ի ԱԷՄԳ նստաշրջանում

Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցման հարցը` ՄԱԿ-ի ԱԷՄԳ նստաշրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ մասնակցել է Վիեննայում սեպտեմբերի 22-26-ը ընթացող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 58-րդ նստաշրջանին:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը սեպտեմբերի 23-ին ունեցած ելույթում անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ Հայաստանի երկարատև և արդյունավետ համագործակցությանը՝ տարբեր ուղղություններով: Նա, մասնավորապես, խոսել է Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, ԱԷՄԳ-ի հետ համատեղ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի մասին:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հուլիսի 4-ին հայտարարել է, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին: Ընդ որում, նոր բլոկի արժեքը կկազմի մոտ 4,5 մլրդ դոլար: «Դրա մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը մենք կլրացնենք այլ երկրների հետ բանակցություների արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով»,- ասել է նա։

Երվանդ Զախարյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանը հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների համար կտրամադրի 300 մլն դոլար վարկ: Նրա խոսքով` Ռուսաստանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «Խոսքը ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկավորման մասին է»,- ասել է նախարարը:

ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասել է նախարարը:

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պլանային նորոգմամբ պայմանավորված սեպտեմբերի 27-ից սկսած 45 օրով դադարեցնելու է աշխատանքը:

Նախարարությունից հայտնում են, որ ՀՀ պատվիրակության կազմում կոնֆերանսին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև Ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությանը նվիրված գիտական ֆորումին, ինչպես նաև` հանդիպումներ ունեցել այլ երկրների պատվիրակությունների հետ:

ՀԾԿՀ-ն հուլիսի 1-ին կայացած նիստի ժամանակ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թ.-ի օգոստոսի 1-ից ($1 - 406,84 դրամ):

Հուլիսի 3-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրիլրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի և Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---