«Որբերի գորգը» կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում (թարմացված)

«Որբերի գորգը» կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում (թարմացված)

PanARMENIAN.Net - Ղազիրի գորգը, որը հայտնի է նաև «Հայ որբերի գորգ» անվամբ, նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում «Շնորհակալություն Միացյալ Նահանգներ. Երեք նվերներ նախագահներին ի երախտիք արտասահմանում ամերիկյան առատաձեռնության» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այս մասին նշված է Սպիտակ տան լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ «1925-ին Ղազիրի գորգը նվիրվեց նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար»:

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին հղումով հայտնել էր, որԿոնգրեսի և համայնքի կողմից ամիսներ տևած ճնշումներից հետո Սպիտակ տունը պատրաստվում է ցուցադրել հայկական «որբերի գորգը»:

Նախապատրաստվող ցուցահանդեսից առաջ հայտարարություն է տարածել հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը.

«Եթե նախագահ Օբամայի` հայոց «որբերի գորգը» ցուցադրելու որոշումը միտված է ներկայացնելու իրական առաջընթացի խորհրդանիշ, նա անկաշկանդ և պարզորոշ կխոսի սարսափելի ու դեռևս անպատիժ հանցագործության` Հայոց ցեղասպանության մասին, որն էլ դարձել է գորգի ստեղծման պատճառ:

Եթե մյուս կողմից` նախագահի որոշումը արտահայտում է ևս մեկ ցինիկ ներկայացում` այն առաջընթացի փոխարեն, որը նա խոստացել էր հայ ժողովրդին, ապա դա ակնհայտ կլինի` նրա ընտրած բառապաշարը և Թուրքիային գոհացնելու կանոներին հետևելը»:

«Հայ որբերի գորգը»՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4 000 000 ձեռագործ հանգույց է պարունակում, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում: Այն նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին որպես երախտագիտության նշան 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Գորգի շուրջ վիճարկումները սկսվեցին 2013-ի հոկտեմբերին, երբ The Washington Post-ը և ԱՄՆ-ի Հանրային ռադիոն անդրադարձան Սպիտակ տան կողմից գորգի ցուցադրության արգելքին, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում:

Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա՝ թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի հայ որբերին նվիրված «Հայ որբերի գործած գորգը» ցուցադրությունը, որոնք մազապուրծ լինելով Հայոց ցեղասպանությունից, այն գործել են՝ որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին:

2014-ի մայիսին կոնգրեսական Ադամ Շիֆը և սենատոր Էդ Մարկին խորհուրդ են տվել Օբամայի վարչակազմին ցուցադրության ներկայացնել «Որբերի գորգը»՝ որպես Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան հումանիտար օգնության նշանակալի խորհրդանիշ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---