«Նավթադոլարներից կուրացած բռնապետություն». ՀՀ նախագահն Ադրբեջանի գործողությունների մասին

«Նավթադոլարներից կուրացած բռնապետություն». ՀՀ նախագահն Ադրբեջանի գործողությունների մասին

PanARMENIAN.Net - 20 տարի շարունակվող ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, սադրանքները սահմանին ու ռազմատենչ հռետորաբանությունը դարձել են Հայաստանի առօրյայի մի մասը:

Այդ մասին The New York Times-ի հավելվածին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ փխրուն խաղաղության պահպանումը Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանում խաղաղության պահպանման անկյունաքարն է: «Մենք պաշտպանում ենք տարածաշրջանային խաղաղությունը նավթադոլարներից կուրացած հարևան բռնապետության հանցավոր գործողություններից»,-ասել է նա: Ըստ նախագահի, առաջնահերթ խնդիր է մնում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովումը: «Փխրուն պատերազմը հաղթական պատերազմից լավ է: Խաղաղության պահպանումը մեր ամենալուրջ նվաճումն է, և առաջիկա տարիներին ժողովրդավարացման, կրթության, առողջապահության հետ մեկտեղ անվտանգությունը լինելու է մեր գերակայությունը»,-ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա մոտալուտ տարելիցին՝ նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ մարդու իրավունքները բացարձակ արժեքի են վերածվում համաշխարհային հանրության համար, և Հայոց ցեղասպանության ճանաչման ստորադասումը քաղաքական շահերին հակասում է ժամանակակից աշխարհի իրավական ու բարոյական նորմերին»,-ասել է նա:

Սարգսյանը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող 8 բանաձև է ընդունել, ցեղասպանության փաստը ճանաչել է 40 նահանգ, նախագահ Ռեյգանի վարչակազմը ճանաչել և դատապարտել է Ցեղասպանությունը նախորդ դարի 80-ականներին: «Վաղ թե ուշ Թուրքիան էլ կառերեսվի սեփական անցյալին և կազատվի՝ արդարության վերականգնմամբ»,-ասել է նախագահը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի խոշորագույն դոնոր երկիրն է, նա ՀՀ անկախացումից ի վեր մոտ 2 մլրդ դոլարի տեխնիկական ու հումանիտար օգնություն է ցուցաբերել Հայաստանին:

«Մեր երկրները համագործակցում են գլոբալ անվտանգությանը մարտահրավերների դեմ պայքարում, ինչպես, օրինակ, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարն է»,-ասել է նախագահը: Անդրադառնալով ԵՄ հետ հարաբերություններին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության լույսի ներքո՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կշարունակի ԵՄ հետ արդյունավետ փոխգործակցության ուղիների որոնումը:

«ԵՄ և Արևմուտքի օգնությամբ մեր երկիրը մի շարք կարևոր բարեփոխումներ է կատարել մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և տնտեսւթյան ազատականացման ոլորտներում: Մենք հիանալի հասկանում ենք, որ այդ բարեփոխումները միտված չեն այս կամ այն կազմակերպությանն ինտեգրվելուն: Առաջին հերթին, դրանք կյանքի են կոչվում հանուն մեր ժողովրդի ու պետության բարգավաճման»,-նշել է նախագահը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---