1915-ի ողբերգության քննարկումը. Ցեղասպանությանը նվիրված ժողով Ստամբուլում

1915-ի ողբերգության քննարկումը. Ցեղասպանությանը նվիրված ժողով Ստամբուլում

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի է ունեցել «1915-ի ողբերգության քննարկումը 100-րդ տարելիցին. նշանակություն, հիշողություն և քաղաքականություն» խորագրով ժողով: Այն կազմակերպել է Ստամբուլի Բողազիչի համալսարանի և «Թուրքարդյունաբերողների և գործարարների» միության (TÜSİAD-ԹԱԳՄ) արտաքին քաղաքականության ֆորումը: Ժողովի ընթացքում ելույթ են ունեցել ԲենթլիիՀամալսարանի դասախոս Ասպետ Գոչիկյանը, Փարիզի Սիանս Պո Էքս համալսարանի դասախոս Միշել Մարյանը և Երևանում գործող «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

ԹԱԳՄ-ի անունից բացման խոսքով հանդես է եկել պաշտոնաթող դիվանագետ Վոլքան Վուրալը, որը միության միջազգային կապերի և քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահն է: Նա ասել է, որ իրենք ճանաչում են 1915 թվականին հայերի տեղահանությունները, սակայն նաև ընդգծել, որ ԹԱԳՄ-ն դեմ է ցեղասպանություն բառի օգտագործմանը՝ համարելով այն քաղաքական եզրույթ: Ըստ Վուրալի՝ հարցի լուծման համար Թուրքիան և Հայաստանը միասին պետք է քայլեր ձեռնարկեն:

Փարիզի Սիանս Պո Էքս համալսարանի դասախոս Միշել Մարյանն էլ իր ելույթում նշել է, թե 2015 և՛ հայերի, և՛ թուրքերի համար կուլմինացիոն կետ է: Ըստ Մարյանի՝ երկու ժողովուրդն էլ վախենում են 2015-ից. թուրքերը՝ 2015-ի աղմուկը լսելուց, իսկ հայերը՝ 2015-ից հետո համոզիչ չլինելուց և պարտվելուց: Նա նաև հիշեցրել է, որ ժամանակին Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն բառը ստեղծել է 1915-ին տեղի ունեցածը բնութագրելու համար:

Բենթլի Համալսարանի դասախոս Ասպետ Գոչիկյանն էլ խոսել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի պահանջատիրությունից: «Եթե 10 տարի առաջ ես Թուրքիայի կառավարության խորհրդականը լինեի, կասեի՝ ցեղասպանությունը ճանաչեք: Քանի որ այդ ժամանակ Սփյուռքը չգիտեր իր անելիքը, սակայն այժմ ավելի պատրաստված է»:

Նոյեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ թուրքական Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ստամբուլում նոյեմբերի 7-9-ը կայացած համագումարումկուսակցությանմամուլի քարտուղարը հայտարարել է. «Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ քաղաքական պլանավորման գծով գլխավոր տնօրեն Ալթայ Չենգիզերը կոչ է արել երկրի իշխանություններին նախապատրաստվել այն իրողությանը, որ միջազգային հանրությունն աննախադեպ ճնշում կգործադրի Անկարայի հանդեպ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես վերադարձել եմ Վաշինգտոնից և տեսել եմ, թե ինչպես է հայ համայնքը պատրաստվում 100-ամյակին: Այդ արշավի նպատակն է վատաբանել ժամանակակից Թուրքիային, թույլ չտալ նրան հաղթահարել անցյալը: Այդ մեղադրանքներն ուղղված են մեր ազգային ինքնության դեմ»,-հայտարարել է դիվանագետը: Չենգիզերը նշել է, որ պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Ցեղասպանությունը քաղաքական հայեցակարգ է: Թուրքիան արժանի չէ, որ աշխարհում ընկալվի որպես ցեղասպան երկիր»,-ասել է նա:

Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագա քայլերը՝ անդրադառնալով նաև հայկական հարցին. «Մենք չենք ճանաչում ցեղասպանությունը, որի մեղքը փորձում են մեր պապերի ու մեր ժողովրդի վրա բարդել: Մենք դա միշտ ենք ասել»,-ասել է նա:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարեց. «2015 թվականը հատուկ նշանակություն ունի ամբողջ աշխարհի հայության համար:Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ամբողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915-ի Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ համարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, ելույթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կկոչեի Պատվո և Պատասխանատվության ամբիոն, բարձրաձայն ասում եմ. Շնորհակալություն Ուրուգվայ, Ֆրանսիա, Ռուսաստան: Շնորհակալություն Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա: Շնորհակալություն Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս: Շնորհակալություն Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան:

Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից: Շնորհակալություն ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք վստահորեն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում: Դա իսկապես խիստ կարևոր է, քանզի ժխտումը ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է»,- ասել է նախագահը:

Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ամբողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Սարգսյանը նշել է, որ փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները»,-ասել է նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---