Բաբայան. ԼՂՀ օդային տարածքն իրոք փակ է, բայց Ադրբեջանի համար (թարմացված)

Բաբայան. ԼՂՀ օդային տարածքն իրոք փակ է, բայց Ադրբեջանի համար (թարմացված)

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»: Այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության` ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խփված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:

«Լարվածության պահպանման հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով առանց այդ էլ լարված իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է APA գործակալությունը:

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված՝ 1997 թվականի հուլիսի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների կողմից հակամարտության կողմերին առաջարկված «ԼՂ հակամարտության կարգավորման համընդգրկուն համաձայնագրի» Փուլային տարբերակով Բուֆերային գոտում և Բաժանարար գոտում ստեղծվել է ոչ թռիչքային գոտի, որտեղ Կողմերը չեն թույլատրում ռազմական թռիչքներ՝ ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության վերահսկողության ներքո:

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն այս առթիվ Facebook սոցցանցի իր էջում գրել է, թե փաստորեն, մինչև օրս ադրբեջանցիների համար ԼՂՀ օդային տարածքը թռիչքային էր:

«Ի՜նչ ափսոս, տեղյակ էլ չէինք, թե չէ ժամանակին Ստեփանակերտ-Փարիզ ուղիղ չվերթ կբացեինք: Դե, խելոքների կարծիքով, թռիչքային գոտում ուղղաթիռ են խփում, կամ սպառնում են, որ քաղաքացիական ինքնաթիռ կխոցեն»:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն էլ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում։ Նա նշել է, որ թռիչքներ հենց այսօր էլ իրականացվել են և շարունակվելու են՝ շեշտելով, որ Ղարաբաղի օդային տարածքը բաց է:

«Իրոք փակ է, բայց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար, ուղղակի նրանք պիտի տղամարդկություն ունենային այս երկրորդ մասը նույնպես նշեին», - ասել է Բաբայանը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---