Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին. Բացառել ուժի կիրառումը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին. Բացառել ուժի կիրառումը

PanARMENIAN.Net - Դակարում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթնաժողովն ընդունել է Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա», - ամրագրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում։

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով գագաթնաժողովին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով.

«Վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրները՝ Ռուսաստանի նախագահը՝ Սոչիում, ԱՄՆ պետքարտուղարը՝ Նյուպորտում, Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզում, նախաձեռնեցին գագաթնաժողովներ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ` առաջին հերթին լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով:

Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղի Պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը երեք երիտասարդ զինծառայողների կյանք խլեց։

«Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը, գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ տարհանելու զոհված օդաչուների մարմինները՝ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համապատասխան կոչը։ Այդ պայմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ՝ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները»,- ասել է Նալբանդյանը` շեշտելով, որ չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերն` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ գործողության արդյունքում, որը Երևանում և Ստեփանակերտում փայլուն անվանեցին, ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի կրել:

ՀՀ ԱԳ նախախարը նշել է, որ մենք նաև գիտակցում ենք անհրաժեշտությունը՝ համախմբվելու ընդդեմ ահաբեկչության արհավիրքի, որը վտանգում է խաղաղությունը և անվտանգությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում և ոտնահարում է մեր մարդասիրական արժեքները.

«Որտեղ էլ որ ահաբեկչությունը գլուխ բարձրացնի, այն ամենուր հանդես է գալիս բարբարոսի նույն կերպարով: 1915-ի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Սիրիայի Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու՝ վերջերս տեղի ունեցած ավերումը ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող բազմաթիվ ստոր գործողությունների շարքից է:

Սա անարգանք է՝ ուղղված հայ ժողովրդի հավաքական հիշատակին, որը 2015-ին միջազգային հանրության հետ միասին պատրաստվում է նշել մարդկության դեմ այս հանցանքի 100-ամյա տարելիցը. հանցանք, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում և մինչ օրս չի ճանաչվել Թուրքիայի կողմից»:

Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։«Իսլամական պետություն» խմբավորումը 2014-ի սեպտեմբերին ականապատել և պայթեցրել է հայկական եկեղեցին:

Նախախարը նաև նշել է, որ առաջարկել են 2015-ին Հայաստանում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը:

«Ինչպես գիտեք, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը դրական է արձագանքել այս առաջարկին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կազմակերպության անդամ երկրներին և կառավարություններին՝ ցուցաբերված վստահության համար և ասել, որ մենք շատ ուրախ կլինենք՝ Երևանում հյուրընկալելու այս նախարարական համաժողովը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանն ու վստահեցրել` մենք կանենք ամենը, որպեսզի այս նախարարական համաժողովն անցկացվի բարձր մակարդակով և հաջողություն արձանագրի:

Կարդացեք նաև`ՀԱՊԿ-ը կքննարկի խոցված ուղղաթիռի դեպքը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---