Դիվերսանտների դատը. Հակոբ Ինջիղուլյանը ցուցմունք է տվել ու ճանաչել Ադրբեջանում իրեն հարցաքննողին

Դիվերսանտների դատը. Հակոբ Ինջիղուլյանը ցուցմունք է տվել ու ճանաչել Ադրբեջանում իրեն հարցաքննողին

PanARMENIAN.Net - ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվող, ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստին, դեկտեմբերի 3-ին` որպես գործով վկա մասնակցել է մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում գերեվարված ՊԲ ժամկետային նախկին զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը:

Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում, ի թիվս այլ տեսանկարահանումների, առկա է եղել նաև Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցքաննությունը ներկայացնող տեսանյութ:

Դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ՝ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացել է Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանել դատավորի, պետական մեղադրողի և դատապաշտպանների հարցերին ու նշել, որ գերության՝ ընթացքում՝ հարցաքննությունների ժամանակ, ադրբեջանցիները փոքր տեսախցիկով տեսանկարահանումներ են կատարել։

Ըստ Իջիղուլյանի՝ դատական նիստում, որպես իրեղեն ապացույց, ներկայացված է սպանված դիվերսանտ Հասան Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկն: Ավելին, տեսնելով Հասանովի նկարը՝ Իջիղուլյանը ճանաչել է նրան և հաստատել, որ նա ներկա է եղել իր հարցաքննություններին։

Դատական նիստի ավարտին, դատավոր Անատոլի Թադևոսյանը հայտարարել է դատաքնության փուլի ավարտը և հավելել, որ դեկտեմբերի 12-ին կսկսվի դատական վիճաբանության փուլը, հաղորդում է «Արցախպրեսը»:

Տեղանքում չկողմնորոշվելու պատճառով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ու մոլորված Ինջիղուլյանը գերության մեջ էր հայտնվել 2013-ի օգոստոսի 8-ից: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

2013-ի սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել էր Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---