ԼՂՀ նախագահն իտալական թերթին. Նոր պատերազմից կարելի է խուսափել

ԼՂՀ նախագահն իտալական թերթին. Նոր պատերազմից կարելի է խուսափել

PanARMENIAN.Net - Իտալական IL GIORNO թերթում դեկտեմբերի 8-ին հրապարակվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը, որտեղ վերջինս անդրադառնում է Լեռնային Ղարաբաղը մեկուսացնելու ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին, հակամարտության պատճառներին, պատերազմի ժամանակ թույլ տված սխալներին, Իտալիայի հետ կապերին և ոչ միայն:

Պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն ունի ադրբեջանական նավթն ու գազը բանակցությունների վրա, Բակո Սահակյանը նշել է՝ որքան շատ է Ադրբեջանն ածխաջրածիններ արտահանում, այդքան կարծրանում է այդ երկրի տրամադրվածությունը բանակցությունների հանդեպ, գրում է Tert.am-ը:

«Կա մի մշտական զուգահեռ ածխաջրածինների արտահանման պայմանագրերի և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանի կողմից անհրաժեշտ փոխզիջումների գնալու ցանկության միջև: Առաջին ազդանշանն էր 1997-ը, երբ առաջին նավթային ծրագրի ստորագրումից հետո Ադրբեջանը հրաժարվեց բանակցել մեզ հետ: Եվ այս զուգահեռը շարունակվում է»:

Մանրամասնելով, Արցախի նախագահը նշել է, թե նավթից ստացվող բարձր եկամուտների շնորհիվ վերջին 10 տարվա ընթացքում ադրբեջանական ռազմական ծախսերն ավելացել են 2500%-ով: Այնուամենայնիվ, ԼՂՀ նախագահի համոզմամբ, «նավթը և ռազմական ծախսերը ոչինչ են, երբ պայքար ենք մղում ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»:

«Ավելին, ածխաջրածինների արտահանման եկամուտներից Ադրբեջանի կառավարությունը կարող էր ունենալ հնարավորություն և զարգացնել սոցիալական քաղաքականությունը, լինել առաջադեմ, այլ ոչ թե դառնար Եվրասիական մայրցամաքի ամենաազատասպան ռեժիմներից մեկը, որը ճնշելով ազատ մամուլի ձայնը՝ տարածում է հակահայկական ռազմատենչ քարոզչություն»,- նշել է Բակո Սահակյանը:

Ավելի քան երկու տասնամյակ է, Ադրբեջանը ջանում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը և նվազեցնել երկրի հանդեպ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը: Ըստ Արցախի ղեկավարի, այդ երկրի յուրաքանչյուր քայլը մի կողմից ամբողջ աշխարհին ցույց է տալիս ԼՂՀ պայքարի լեգիտիմ պատճառները, մյուս՝ ամրապնդում վճռականությունը՝ հաստատուն քայլերով շարժվել դեպի պետության կառուցում:

«Մեր պետականությունը հիմնադրվեց, երբ աշխարհի ամենակարևոր ժողովրդավարական համակարգերի նման, մենք էլ պատասխանեցինք հակառակորդի ոտնձգություններին` իրականացնելով ապստամբելու և ինքնորոշման իրավունքը: Մեզ պարտադրեցին անհավասար պատերազմ, բայց, չնայած ամեն ինչի, հաղթեցինք: Կար արժեհամակարգային անհամաչափություն: Մարտնչում էինք մեր օրրանների և հիմնարար իրավունքների պաշտպանության համար, իսկ ադրբեջանցիները զբաղված էին տարածքային ներխուժմամբ»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Անդրադառնալով հակամարտության պատճառներին, նա նշել է, որ հիմնարար իրավունքների տեսանկյունից դրանք համամարդկային էին, բայց, այնուամենայնիվ, պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կրոնական շահարկում կար, երբ ադրբեջանական ճակատը բաղկացած էր չեչեն ջիհադիստներից և աֆղան վարձկաններից:

«Լեռնային Ղարաբաղը դեռ ճանաչված չէ։ Ինչպիսի՞ն է լինել մի երկրի նախագահ, որը դե յուրե գոյություն չունի» հարցին Բակո Սահակյանն արձագանքել է, թե իրեն «թերի» նախագահ չի զգում. «քաղաքացիներն ընտրել են ինձ և պայքարում ենք մեր ժողովրդի ազատության համար», հավելելով նաև, որ շատ վճռական է տրամադրված:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ սխալներից, ԼՂՀ ղեկավարը նշել է, որ կիսում է երկու կողմի մահվան ցավը:

«Պատերազմը մեզ պարտադրվեց, հաղթեցինք և ձեռք բերեցինք մի զգայունություն. նոր պատերազմից կարելի է խուսափել: Ակնհայտ է, որ Բաքվին պակասում է այս զգայությունը և որոշ դասեր մոռացվել են»,- նշել է նա:

Անդրադառնալով Իտալիայի հետ հարաբերություններին, Արցախի նախագահը նշել է, որ, չնայած քաղաքական և տնտեսական պաշտոնական հարաբերությունների բացակայությանը, իտալացիների հետ շարունակական մշակութային և արժեքային շփումներ կան:

«Բազմապատկում ենք մեր բազմադարյա բարեկամության ներուժը: Իհարկե, դժվար չէ, եթե հաշվի առնենք, որ նաև իտալական վերածնունդը ոգեշնչեց մեր պայքարը, ավելին՝ պատերազմի ժամանակ որքան կարևոր էին Լոմբարդիա և Վենետո նահանգների քաղաքական գործիչների առաքելություններն Արցախում»,- նշել է Բակո Սահակյանը՝ եզրափակելով, թե ԼՂՀ-ն գիտակցում է, որ այն Եվրոպան, որը պատկանում է ժողովուրդներին, չի ավարտվում Արցախում, ավելին՝ սկսվում է Արցախից:

Կարդացեք նաև՝ Լեռնային Ղարաբաղը հանդարտորեն սպասում է առաջին ինքնաթիռի թռիչքին. Ֆրանսիացի լրագրողի անդրադարձը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---