ԱՄՆ-ն ՀՀ հետ կշարունակի գործակցել նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո

ԱՄՆ-ն ՀՀ հետ կշարունակի գործակցել նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ բարեփոխումների իրականացման հարցում նաև ԵՏՄ-ին նրա անդամակցությունից հետո: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Նա նշել է, որ «բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու տնտեսական ինտեգրման ու զարգացման ճանապարհը՝ ելնելով սեփական շահերից»:

«Աշխարհի ոչ մի երկիր իրավունք չունի որոշել մեկ այլ պետության քաղաքական ու տնտեսական կողմնորոշումը»,-ասել է դիվանագետը:

«ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ սատարելով ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների անցկացմանն ու կօգնի պահպանել ԱՄՆ ու ՀՀ հարաբերություններում արձանագրված առաջընթացը»,-ասել է Փսակին:

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Անդամակցության մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որ սահմանում է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ և ուղղված է Միության գործունեության իրավական հիմքի ձևավորմանը: Ըստ պայմանագրի, Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դառնում պայմանգիրն ուժի մեջ մտնելու պահից՝ բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերն ավարտելուց հետո»:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ մնաց: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Photo: AFP
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---