Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող նախկին ոստիկանին չեն ձերբակալել

Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող նախկին ոստիկանին չեն ձերբակալել

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը հրաժարվել է ձերբակալել Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքին, որն անցնում է «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով:

Ինչպես հայտնում է Sabah-ը, Աքյուրեքին կալանավորելու դատախազի հարցումն առաջինն էր պատմության մեջ որպես իշխանության ներկայացուցչի կալանքի վերաբերյալ հարցապնդում:

Ավելի վաղ Ստամբուլի քրեական գործերի դատարանում Դինքի սպանության անմիջական կատարողը՝ Օգյուն Սամասթը, որին 2011-ի հուլիսին դատապարտել են 23 տարվա ազատազրկման, ցուցմունք տվեց, համաձայն որի Թուրքական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները ոչ միայն տեղյակ էին, այլև համակարգում էին Հրանտ Դինքի սպանության նախապատրաստումը: «Սպանությունից առաջ ես այցելեցի Թունջելին նրա բնակարանում: Հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց ինձ Ռամազան Աքյուրեքի ու Ալի Ֆուաթ Յիլմազերի մասնակցության մասին»,-մեջբերում է թերթը Սամասթի խոսքը: Սամասթի ցուցմունքներում հիշատակված Ռամազան Աքյուրեքը ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետն է, իսկ Յիլմազերը՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետը, Դինքի սպանության ժամանակ նա Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետն էր:

Ավելի վաղ Դինքի սպանության գործով հարցաքննվեց հետախուզության ևս մեկ նախկին աշխատակից Սաբրի Ուզունը, իսկ նոյեմբերին որպես կասկածյալներ դատարան կանչվեցին Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալադդին Ջերահը, Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը: Դեկտեմբերի 6-ին որպես կասկածյալ հարցաքննության ենթարկվեց Ստամբուլի ոստիկանության խուզարկության վարչության նախկին պետ Ալի Ֆուադ Յիլմազերը, որը քայլեր չէր ձեռնարկել հանցագորոծությունը կանխելու համար:

Ենթադրվում է, որ Ջերահն ու Գյուլերը ազդեցիկ իմամ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած նուրսիստների շարժման անդամ են:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---