Հակառակորդը մեկ օրում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4.300 կրակոց

Հակառակորդը մեկ օրում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4.300 կրակոց

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, «Սև նետ», Իստիգլալ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից` հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր (7 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (14 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների

Հունվարի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հայաստանի արտգործնախարարությունը արդեն իսկ հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում 2 դիվերսիոն հարձակման փորձը, որոնց հետևանքով մարդկային կորուստներ կան։

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։

«Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ։

Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»,- ասվում է հայտարարույունում:

Ավելի ուշ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---