6 հունվարի 2015 - 13:12 AMT
Թուրք աշակերտները կոչ են անում վերակառուցել Իզմիրում հայկական եկեղեցին և այն թանգարան դարձնել

Իզմիրի դպրոցներից մեկի աշակերտները պատմության և աշխարհագրության դասին շրջակայքում արած «պատմության զբոսանքի» ընթացքում ուշադրություն են դարձրել մի բանի, ինչը տեղի պաշտոնյաները «չէին նկատել»: Նրանք այցելել են 19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցի և ականատես եղել, թե ինչպես է այն վերածվել ախոռի, գրում է Tert.am-ը՝ Taraf պարբերականին հղումով:

Աշակերտները կոչ են արել վերակառուցել եկեղեցին և այն թանգարանի վերածել՝ զարմանալով եկեղեցում նման տեսարանից:

Կառույցի շինության հստակ թվականը հայտնի չէ, սակայն տեղեկություններ կան, որ այն շարունակել է գործել մինչև 1922-ը: Հայերի բռնի տեղահանությունից հետո որոշ ժամանակ այն որպես ռազմական պահեստ է ծառայել, իսկ այժմ այնտեղ կենդանիներ են պահում:

Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությունը պարբերաբար ոչնչացվել է՝ հայերից բացի թուրքերը կանխամտածված ոչնչացրել են նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:

Վերջին տարիներին այդ երկրի իշխանությունը սկսել է որոշ հայկական կոթողներ վերականգնել, ինչի նպատակը միջազգային հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու և եկամտի նոր աղբյուր ունենալն է: Բայց ոչ բոլոր եկեղեցիներն են ուշադրության կենտրոնում, և բազմաթիվ հայկական կոթողներ կամ վերածվում են այլ նշանակության շինությունների: