Փերինչեքը մասնակցելու է ՄԻԵԴ-ում կայանալիք դատավարությանը. «Նրա ներկայությունը կարևոր է»

Փերինչեքը մասնակցելու է ՄԻԵԴ-ում կայանալիք դատավարությանը. «Նրա ներկայությունը կարևոր է»

PanARMENIAN.Net - Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի փաստաբան Զեյնեփ Քյուչուքը դիմել էր դատարան՝ պահանջելով չեղարկել իր պաշտպանյալի հանդեպ կիրառվող Թուրքիայից դուրս գալու արգելքը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, փաստաբանը հիշեցրել է, որ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների միջազգային դատարան։ Հունվարի 28-ին կայանալու է Շվեյցարիայի բողոքարկման քննությունը, ինչին Փերինչեքի ներկայությունը չափազանց կարևոր է։

Դատարանը վճռել է, որ «1915-ի դեպքերի վերաբերյալ թուրքական թեզերը ներկայացնելու համար Փերինչեքի ներկայությունը կարևոր է» և վճռել է չեղարկել արգելքը:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:

Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ, գրում է Tert.am-ը: Մեր երկիրը ՄԻԵԴ-ում կներկայացնի միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին: Նրա նախկին պաշտպանյալների թվում են եղել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որին դատապարտել էին նախագահ Յանուկովիչի օրոք: Նա նաև մեղադրող կողմի անդամ էր Լիբանանի հարցով ՄԱԿ Հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալում: Ամալ Քլունին եղել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը 2012-2013 թթ. Սիրիայում նրա առաքելության ժամանակ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---