Ադրբեջանցի դիվերսանտները կբողոքարկեն դատավճիռները Վերաքննիչ դատարանում

Ադրբեջանցի դիվերսանտները կբողոքարկեն դատավճիռները Վերաքննիչ դատարանում

PanARMENIAN.Net - 2014-ի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը պատրաստվում են բողոքարկել իրենց դատավճիռները Վերաքննիչ դատարանում: Այս մասին Արցախպրես-ի հետ զրույցում հայտնել են ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար:

«Իմ պաշտպանյալը թեև սկզբում մտադիր չէր բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, բայց, այնուամենայնիվ, որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած որոշման հետ, ցանկանում է այն բողոքարկել ԼՂՀ Վերաքննիչ դատարանում»,-ասաց ամբաստանյալ Ասկերովի դատապաշտպան Է. Բեգլարյանը:

Ամբաստանյալ Գուլեևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանը ևս փաստեց, որ, հաշվի առնելով իր պաշտպանյալի պահանջը, վերաքննիչ բողոք կներկայացնի ԼՂՀ Վերաքննիչ դատարան: Ա. Իսրայելյանի խոսքով, բողոքարկման դիմումը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված կարգով այն կքննվի ԼՂՀ Վերաքննիչ դատարանի կողմից, և դրա հիմնավորված լինելու մասին որոշում կկայացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---