Թուրքիայի ԱԳՆ-ն «սխալմամբ» հրապարակել է Ծիծեռնակաբերդի լուսանկարը Չանաքքալեի ճակատամարտին նվիրված օրացույցում

Թուրքիայի ԱԳՆ-ն «սխալմամբ» հրապարակել է Ծիծեռնակաբերդի լուսանկարը Չանաքքալեի ճակատամարտին նվիրված օրացույցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, «սխալմամբ» հրապարակել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը իր պաշտոնական օրացույցում, որը պատրաստվել էր Չանաքքալեի ճակատամարտի հարյուրամյակի նշանավորման առիթով, հայտնել է Hurriyet-ը Tert.am-ի փոխանցմամբ:

Ծիծեռնակաբերդի լուսանկարը տեղ է գտել ապրիլ ամսվա էջում: Դրանից հետո գերատեսչության ներկայացուցիչը թուրքական լրատվամիջոցին ասել է, որ «լուսանկարը պատահմամբ այլ լուսանկարների հետ է տեղ գտել» օրացույցում: Այդ դիպվածի բերումով հետաքննություն է սկսվել՝ պարզելու մեղավորին: Այդ օրացույցների մեծ մասը դեռ չի տարածվել:

Վերջերս Թուրքիայի իշխանությունները Չանաքքալեի ճակատամարտի մարտյան արարողությունը որոշեցին այս տարի նշել ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ ամեն տարի այն նշվել է մարտի 18-ին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրեց ՀՀ նախագահին մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի հարյուրամյակի ապրիլի 24-ին կայանլիք միջոցառմանը:

Էրդողանի առաջարակը լայնորեն քննարկվեց ԶԼՄ-ներում, հիմնականում, բացասական արձագանք ստանալով:

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է նաև այն վարկածը, թե դա գուցե Հայաստանի հետ նոր երկխոսություն սկսելու ջանք է:

Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---