Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև ապրիլ

Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև ապրիլ

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 11-ին երկարացրել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացման գործով մեղադրվող, գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ թողնելով նրան տնային կալանքի տակ:

«Բասմանյան շրջանի դատարանի որոշումը Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցի երկարացման վերաբերյալ թողնել անփոփոխ, պաշտպանության բողոքարկումը՝ չբավարարել»,-ասվում է դատական կոլեգիայի որոշման մեջ: Ավելի վաղ դատարանը երկարացրել էր ձեռներեցի տնային կալանքի տակ մնալու ժամկետը մինչև ապրիլի 19-ը:

Քննության ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 28-ը:

Դեկտեմբերին Լևոն Հայրապետյանի դատապաշտպանները բողոքարկել են նրա տնային կալանքը երկարացնելու մասին որոշումը:

Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում:

Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:Յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

Հայրապետյանին թույլ տվեցին տնային կալանքի տակ գտնվել հոկտեմբերի 3-ին: Ըստ որոշման, Հայրապետյանը չի կարող լքել տարածքն առանց քննիչի թույլտվության, հեռախոսազանգեր կատարել, նամակագրություն վարել և շփվել մերձավոր հարազատներից ու քննությաննն առնչվող իրավապահներից բացի որևէ մեկի հետ:

Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն: Հայաստանում և աշխարհասփյուռ հայ համայնքներում Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցեր տեղի ունեցան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---