ԵԱՀԿ Մինսկի խումբը փետրվարի 17-ին Երևան կժամանի Բաքվից

ԵԱՀԿ Մինսկի խումբը փետրվարի 17-ին Երևան կժամանի Բաքվից

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) Հայաստան կժամանեն փետրվարի 17-ին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Բալայանը հայտնել է նաև, որ Երևանում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես հայտնել էր Թրենդ ադրբեջանական գործակալությունը, համանախագահները փետրվարի 15-ին կժամանեն Ադրբեջան տարածաշրջանային այցի շրջանակում և պաշտոնական հանդիպումներ կունենան Ադրբեջանի իշխանությունների հետ:

Փետրվարի 11-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հավաքվել են Ֆինլանդիայում խորհրդակցությունների համար: Այդ մասին Twitter-ում գրառում էր կատարել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և մենք այսօր ժամանում ենք Հելսինկի` խորհրդակցությունների: Անհամբեր սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ տեղեկություններ փոխանակելուն», - գրել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների վերջին զարգացումների մասին:

«Մենք բոլորս համամիտ ենք, որ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը»,-գրել է նա: Իվիցա Դաչիչի հետ հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։

Նալբանդյանը նշել է, որ չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին, Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հադես էին եկել հայտարարությամբ փետրվարի 5-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին:

Իր հայտարարության մեջ միջնորդները «տագնապով են նշել միջադեպերի քանակի աճը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում բնակելի թաղամասերում: «Մենք նաև քննարկել ենք նախարարի հետ նման միջադեպերի նվազեցմանն ուղղված միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում էր, որ կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն ուղղաթիռի խոցման միջադեպի կրկնությունը բացառելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---