Ուորլիք. Շփման գծում իրավիճակի վերաբերյալ մտահոգության համար ծանրակշիռ պատճառներ կան

Ուորլիք. Շփման գծում իրավիճակի վերաբերյալ մտահոգության համար ծանրակշիռ պատճառներ կան

PanARMENIAN.Net - Չի կարելի նույնացնել բոլոր հակամարտությունները և միասնական մեթոդ օգտագործել դրանց կարգավորման համար, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հակամարտությունները հիմնովին տարբերվում են իրարից: Պետք չէ զուգահեռներ անցկացնել ղարաբաղյան հակամարտության և Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում հակամարտությունների միջև: Դրանք բացարձակապես տարբեր հակամարտություններ են, յուրաքանչյուրն անհատական մոտեցում է պահանջում: Միևնույն ժամանակ կան ունիվերսալ տարրեր ու սկզբունքներ: Ղարաբաղյան հակամարտության դեպքում մոտեցումը պիտի այնպիսին լինի, որ համախմբի բոլոր այդ տարրերն ու սկզբունքներն ու ապահովի դրանց հանդեպ հարգալից վերաբերմունքը: Չեմ կարծում, որ կարելի է նույնացնել բոլոր հակամարտությունները և լուծման համար մեկ միասնական միջոց կիրառել»,-ասել է Ուորլիքը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ ամերիկացի համանախագահի, կան ծանրակշիռ պատճառներ շփման գծում իրավիճակի վերաբերյալ անհանգստանալու համար: Նախորդ տարում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 60 մարդ: Ընթացիկ տարում լարվածությունը պահպանվում է, միայն հունվարին 12 մարդ է զոհվել:

Միևնույն ժամանակ ըստ Ուորլիքի, ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, հայտնում է «Նովոստի Ազերբաջան»-ը:

«Ռազմական ուժի կիրառումը հետին պլան կմղի բանակցային գործընթացն ու կձգձգի կարգավորումը: Բացի այդ, կողմերը տնտեսական և մարդկային կորուստներ են կրում: Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի ոչ միայն երկու երկրների, այլ նաև ամբողջ տարածաշրջանի զարգացմանը»,-ասել է նա:

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել են Ադրբեջան, փետրվարի 17-ին նրանք ժամանեցին Երևան, իսկ հետո կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:

Նախօրեին ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն հույս հայտնեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն առաջիկայում կշարունակեն հանդիպումները: «Մենք շատ կցանկանայինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն ամենաուշը ՄԱԿ ԳՎ սեպտեմբերյան գագաթնաժողովում: Ի վերջո, վերջնական որոշումը նախագահներն են կայացնում, մենք փորձում ենք միջնորդների մեր դերը կատարել: Դա հեշտ չէ, բայց մենք շարունակում ենք»,-ասել է նա:

«Վերջերս մենք Հելսինկիում էինք Ֆինլանդիայի ԱԳՆ հրավերով: Հիմնական նպատակն էր ղարաբաղյան կարգավորման ընթացքի վերաբերյալ ֆիննական կողմի իրազեկումը: Մենք կլինենք նաև Մինսկում, Բելգրադում, քանի որ Սերբիան նախագահում է ԵԱՀԿ-ում այս տարի, Իտալիայում»,-ասել է նա:

Ըստ դիվանագետի, ՄԽ համանախագահները շուտով կայցելեն նաև ՄԽ անդամ այլ երկրներ, այդ թվում Բելառուս, Սերբիա և Իտալիա:

Վերջին անգամ Մամեդյարովը հայտարարեց, որ Ադրբեջանը «պատրաստ է ձեռնամուխ լինել մեծ խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքին» Փարիզում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ: Բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին ավելի ուշ՝ Օլանդի, Սարգսյանի, Ալիևի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիեի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպմանը:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված ջանքերը: Կարևորվեց նաև այլընտրանքի բացակայությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու վերաբերյալ: Կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը Նյու Յորքում 2015-ի սեպտեմբերին ՄԱԿ ԳՎ հերթական նիստի ընթացքում:

Փարիզյան հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումն էր վերջին շրջանում: Նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2014-ի սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ: Կողմերը քննարկել են բանակցություններին ու ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Պետքարտուղար Քերին նույնպես ընդգծեց հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---