Առաջիկա 5 տարում Երևանի մետրոն կարող է 2 նոր կայարան ունենալ

Առաջիկա 5 տարում Երևանի մետրոն կարող է 2 նոր կայարան ունենալ

PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն առաջիկա 5 տարում կարող է 2 նոր կայարան ունենալ: Այդ մասին ասել է մետրոպոլիտենի գործադիր տնօրեն Փայլակ Յայլոյանը, գրում է ARKA-ն: Ըստ նրա,հետազոտությունների արդյունքում առաջարկ կա շարունակել մետրոպոլիտենը դեպի Աջափնյակ՝ բնակելի թաղամաս, որտեղ տրանսպորտային մեծ խնդիրներ կան:

«Նախատեսվում է բացել երկու կայարան՝ առաջինը Ֆիզիկայի ինստիտուտի և Հանրապետական հիվանդանոցի խաչմերուկում, երկրորդը՝ Շիրազի փողոցի և Շահումյանի հրապարակի միջև: Կայարանները պարտադիր ունենալու են երկու ինքնուրույն ելք ու մուտք, քանի որ համաշխարհային փորձից ելնելով դա ավելի արդյունավետ է ու անգտանգ», - ասել է Փայլակ Յայլոյանը՝ ընդգծելով, որ այս ծրագրերի իրագործումն անհնար է առանց նոր վարկերի, ցանկալի է դրամաշնորհային բաղադրիչով, վարկերի սպասարկման համար:

Մետրոյից 2014-ին օգտվել է 16 մլն ուղևոր՝ 2013-ի համեմատ արձանագրելով ուղևորափոխադրումների դրական դինամիկա: 2013-ին փոխադրվել է 13,5 մլն մարդ:

«Ամեն օր մետրոյի ծառայութուններից օգտվում է մոտ 50 հազար ուղևոր: Այսօր մետրոպոլիտենի ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, այն ունի 10 կայարան: Վագոնների շարժակազմը հասնում է 70 միավորի, իսկ շահագործվող շարժակազմը ներառում է 41 վագոն»,- ասել է Յայլոյանն ու ավելացրել, որ կարող է երաշխավորել՝ Երևանի մետրոպոլիտենն անվտանգ է ու հուսալի:

Մետրոյի շինարարությունը Երևանում սկսվել է 1972-ին: 11,47 կմ երկարություն ունեցող առաջին գիծը շահագործման հանձնվեց 1981 թ. մարտի 7-ին և ուներ 5 կայարան՝ «Բարեկամություն», «Սարալանջի» (այժմ «Մարշալ Բաղրամյան»), «Երիտասարդական», «Լենինի հրապարակ» (այժմ «Հանրապետության հրապարակ») և «Սասունցի Դավիթ»: Հետագայում շահագործման հանձնվեցին «Գործարանային», «Հոկտեմբերյան» (այժմ «Զորավար Անդրանիկ»). «Սպանդարյանի հրապարակ» (այժմ «Գարեգին Նժդեհի հրապարակ») և «Չարբախ» կայարանները:

Հիմա կայարանները 10-ն են, որոնցից վերջինը` Չարբախը, բացվել է 18 տարի առաջ` 1996-ին: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակվարչական շրջանում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Դեպի այդ նոր կայարան տանող թունելները փորվել էին դեռևս ԽՍՀՄ տարիներին, նախանշված էր կայարանի մուտքը: Մնում էր Հրազդանի կիրճի վրայով անցնող կամուրջը կառուցել ու անցկացնել գծերը: Սակայն այդ ամենը հսկայական ծախսերի հետ էր կապված և այդպես էլ մնաց թղթի վրա:

Կարդացեք նաև՝ Մետրոյի «Աջափնյակ» կայարանը` առայժմ միայն թղթի վրա

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---