ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են հայերի ջարդերը Սումգայիթում և Բաքվում

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են հայերի ջարդերը Սումգայիթում և Բաքվում

PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատոր Հարրի Փիթերսը, Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ռոբերտ Դոլդը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Կլարքը, Ջիմ Կոստան և Բրեդ Շերմանը հանդես են եկել Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում 1988-90 թվականներին հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հայտարարություններով:

Ինչպես հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականները դատապարտել են շարունակվող բռնությունը և սպառնալիքները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կառավարության կողմից։

Սենատոր Փիթերսը հայտարարել է. «Ուզում եմ հարգանքի տուրքը մատուցել 27 տարի առաջ Ադրբեջանի կողմից կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակին։ Իրական ժողովրդավարությունը պետք է հարգի փոքրամասնությունների իրավունքները, թույլ տա քաղաքացիներին խաղաղ ու ազատ խոսել, ինչպես նաև պաշտպանի բոլոր բնակիչների իրավունքները»։

Կոնգրեսական Փալոունը նշել է. «Մենք ընդհանուր պատասխանատվություն ենք կրում և պետք է բարձրացնենք մեր ձայնը, երբ մարդկանց խումբը բռնության ու բռնաճնշումների թիրախ է դառնում միայն ազգային պատկանելության համար։ Ես իմ գործընկերների հետ շարունակում եմ ջանքեր գործադրել, որպեսզի լույս սփռվի այդ իրադարձությունների վրա, որպեսզի զոհերը չմոռացվեն։ Մենք այսուհետ ևս գործելու ենք Կովկասի ամբողջ տարածաշրջանում փոխըմբռնմանը և անվտանգությանը նպաստելու համար։ Հուսով եմ, որ բոլորս կարող ենք միավորվել և դատապարտել նախկինում կատարված բռնությունները, ինչպես նաև հաստատել ապագայում զգոն լինելու մեր պատրաստակամությունը»:

Ռոբերտ Դոլդն ասել է, որ 27 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունները հիշեցնում են մեզ աշխարհում հանուն ազատության պայքարի մասին: Այսօր ես զորակցություն եմ հայտնում հայ համայնքին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որոնք սգում են ընտանիքի և բարեկամների կորուստը: ԱՄՆ-ն առաջիկայում ևս պետք է աշխատի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ ապահովելու համար նրանց անվտանգությունն ու խաղաղությունը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը հայտարարել է. «Սումգայիթյան ջարդերի դասերը չպետք է մոռացվեն: Մենք բարոյական պարտավորվածություն ունենք առաջ տանելու հանդուրժողականությունն ու արդարությունը, մենք պարտավոր ենք ճանաչել այն վայրագությունները, որոնք հեռացրել են մեզ մեր ընդհանուր նպատակից», հայտնում է Armenia Today-ը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ևս հանդես էր եկել հայտարարությամբ Սումգայիթում հայերի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ:

Շիֆը մասնավորապես ասել էր, որ ադրբեջանական իշխանություններն ավանդաբար առանձնակի ջանքեր չգործադրեցին մեղավորներին պատժելու համար, փոխարենը նրանք մինչ օրս փորձում են սքողել Սումգայիթում գործած վայրագությունները, ինչպես նաև ժխտում են բարձրաստիճան պաշտոնյաների դերը բռնություններ հրահրելու գործում: «Սումգայիթի կոտորածն ավելի մեծ հալածանքների հանգեցրեց հայ փոքրամասնության դեմ Ադրբեջանում, որի արդյունքում փաստորեն անհետացավ Ադրբեջանում բնակվող երբեմնի ծաղկուն 450-հազարանոց հայ համայնքը: Դրա գագաթնակետը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը, որի արդյունքում հազարավոր մարդիկ զոհվեցին երկու կողմից և մոտ 1 մլն փախստականներ հայտնվեցին Հայաստանում և Ադրբեջանում»,-ասել է նա:

Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած ու զանգվածային տեղահանություն իրագործվեց 1988 թվականի փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ։ Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխաիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

Սումգայիթյան ջարդերը չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի և այդպես էլ չեն բացահայտվել հանցագործությունների արմատները:

Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---