12 մարտի 2015 - 12:19 AMT
Համանախագահները ղարաբաղյան կարգավորման մասին կխորհրդակցեն Բելառուսի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր՝ մարտի 12-ին, Մինսկում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով, Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ուրախ եմ միանալ համանախագահներին այսօր Մինսկում Բելառուսի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Մարտի 11-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ փետրվարին տարածաշրջան վերջին այցելության ընթացքում համանախագահները հայտարարեցին. «Նախագահները համաձայնեցին դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը»: Սակայն, համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո Ադրբեջանը հրաժարվեց առաջարկներից և առավել սրեց իրավիճակը՝ ցուցադրելով իր աղաղակող արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ:

Շփման գծի միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության իրականացումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով:

Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների առաջարկների վրա:

Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»: