12 մարտի 2015 - 13:04 AMT
Գլենդեյլի քաղաքային խորհուրդը 2015-ի ապրիլը Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս է հայտարարել

Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհուրդը, քաղաքապետ Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ հռչակագիր է ընդունել, որով 2015-ի ապրիլը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս, գրում է Asbarez.com-ը:

Խորհուրդը նաև ընդունել է բանաձև, որով պահանջում է Գլենդեյլի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել: Նշվում է, որ Քաղաքային խորհրդին պատկանող բոլոր հաստատություններում Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է հիշատակվի հավուր պատշաճի:

Ընդունված փաստաթղթում Գլենդեյլի իշխանությունները նաև կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին ջանք չխնայել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին օգնելու Ցեղասպանության փաստն ամբողջովին ընդունելու և հայ ժողովրդին փոխհատուցելու հարցերում:

Ընդունված բանաձևի կրկնօրինակները փոխանցվելու են ԱՄՆ նախագահին, փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի հայաշատ քաղաքներում: Սփյուռքի հայկական համայնքներն ակտիվ մասնակցում են ոգեկոչման արարողություններին՝ ներկայացնելով սեփական նախաձեռնություններն ու ծրագրերը տարբեր ոլորտներում և ուղղություններով: