Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգի վրա

Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգի վրա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Ընդունելի ժամկետում մենք մտադիր ենք կազմակերպել ԱԳ նախարարների հանդիպումը: Անկախ ամեն ինչից, մենք նման հանդիպումները համարում ենք օգտակար, իսկ հանդիպել թե ոչ, որոշում են իրենք նախարարները»,-ասել է Ուորլիքը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ամերիկացի համանախագահը նշել է, որ 2014-ի հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարեցին, որ կողմ են երկխոսության զարգացմանն ընթացիկ տարում: «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:

Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Ուորլիքն ասել է, որ իրադրությունը շարունակում է լարված մնալ, սակայն հունվարի վերջից այն մի փոքր կայունացել է: «Մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը՝ խաղաղ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելով: Նախագահների հետ մեր հանդիպումներում նրանք հաստատեցին, որ կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը և հայտարարել են, որ հաշվի կառնեն հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված առաջարկները: Մեր առաջարկները կկանխեն միջադեպերը, որոնք կարող են նպաստել լարվածության աճին: Հուսով ենք, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ նաև այլ հարցերում»,-ասել է Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահը չի շրջանցել նաև ադրբեջանցի դիվերսանտների հարցը. «Ադրբեջանի երկու քաղաքացիները դեռևս բանտում են գտնվում: Մենք հավատում ենք, որ կալանավորված անձանց ազատ արձակելով կողմերը կարևոր հումանիտար ժեստ են անում»:

Ամերիկացի համանախագահը շեշտել է նաև, որ բանակցություններում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը:«Հենց այդ պատճառով էլ համանախագահները այցելություններ են կատարում Լեռնային Ղարաբաղ, հանդիպում են տեղի «դե ֆակտո» ղեկավարության և հասարակության այլ անդամների հետ»,- նշել է համանախագահը:

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 12-ին, Մինսկում խորհրդակցություններ են անցկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով:

Մարտի 11-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ փետրվարին տարածաշրջան վերջին այցելության ընթացքում համանախագահները հայտարարեցին. «Նախագահները համաձայնեցին դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը»: Սակայն, համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո Ադրբեջանը հրաժարվեց առաջարկներից և առավել սրեց իրավիճակը՝ ցուցադրելով իր աղաղակող արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ:

Շփման գծի միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության իրականացումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով:

Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---