Եզրակացություն. Ավետիսյանների ընտանիքը սպանվել է Պերմյակովի ինքնաձիգից

Եզրակացություն. Ավետիսյանների ընտանիքը սպանվել է Պերմյակովի ինքնաձիգից

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը:

«Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ ձևավորված հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում»,-ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

Փորձագետների եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված ինքնաձիգը 1981թ. գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի «АКС-74» տեսակի ինքնաձիգ է, մարտական ակոսափող հրազեն, սարքին, պիտանի 5,45մմ (5,45x39) տրամաչափի մարտական փամփուշտներով մենահատ և կրակահերթի ռեժիմներով կրակելու համար։ Ներկայացված փամփուշտները՝ գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտներ են՝ պիտանի կրակոցների համար, և հանդիսանում են ռազմամթերք։

Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները ևս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։

Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի պարբերաբար տեղեկության տրամադրումը։

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---