Պեսկով. Ճշտվում են Պուտինի Հայաստան այցի ժամկետները

Պեսկով. Ճշտվում են Պուտինի Հայաստան այցի ժամկետները

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կայցելի Հայաստան ապրիլի 20-ից հետո: Այն, որ ճշտվում են այդ այցելության ժամկետները, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իրոք, այցի հարցն օրակարգում է»,-ասել է նա: «Այցը նախապատրաստվում է և քննարկվում է»,-ասել է Պեսկովը: «Երբ ստույգ ամսաթիվը որոշվի ու հաստատվի, մենք կհայտնենք այդ մասին»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարը համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակում, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Նրանք քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին և նավթագազային բնագավառին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Թուրքիայում Դարդանելի (Գալիպոլի, Դարդանելի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված պետականորեն կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու հրավեր, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, ուղարկել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակում մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 24-ին Թուրքիա կմեկնեն Անգլիայի թագաժառագ արքայանզ Չարլզը որդու՝ Հարիի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---