Իրադրությունը շփման գծում լարված է. Հակառակորդը նաև ականանետեր ու նռնականետեր է կիրառում

Իրադրությունը շփման գծում լարված է. Հակառակորդը նաև ականանետեր ու նռնականետեր է կիրառում

PanARMENIAN.Net - Իրադրությունը ղարաբաղա-ադրեջնաբական շփման գծում շարունակում է մնալ լարված: Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը՝ ստանալով ուժեղ հակահարված, ճնշվել են:

ՊԲ-ն շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով պահել վերահսկողության տակ և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Վերջինը մարտի 19-ին էր, երբ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ էր շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Հակառակորդը մարտադաշտում էր թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք:Ադրբեջանական կողմին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---