ՊԲ հրամանատար. Թուրքիան մասնակցում է ադրբեջանական դիվերսիաներին՝ 2 դեպքի մասով ապացույցներ ունենք

ՊԲ հրամանատար. Թուրքիան մասնակցում է ադրբեջանական դիվերսիաներին՝ 2 դեպքի մասով ապացույցներ ունենք

PanARMENIAN.Net - Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջերս չի լարվել, 2014-ին, 2013 թվականին, այս՝ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակն է, ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

«Հակառակորդի կողմից անընդհատ կան ոտնձգություններ: Այս բոլոր գործողությունների վերջնակետը, թիրախը հայն է որպես ազգ: Մեր ժողովրդի ցանկացած միջոցառման ժամանակ հակառակորդն իր հնարավորություններն օգտագործում է, որպեսզի չթույլատրի, որ այդ միջոցառումները պատշաճ ձևով կազմակերպվեն մեր հանրապետությունում: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, կարծում եմ, այդ շարքին են դասվում: Հատկապես, որ դրան միանում է Թուրքիան, և որոշակի պատվեր կա Թուքիայի կողմից Ադրբեջանին, որպեսզի ցանկացած պայմաններում փորձի լարված վիճակում պահել և չթողնել, որ մեր ժողովուրդը այդ միջոցառումները կազմակերպի», - ասել է ՊԲ հրամանատարը, գրում է Hetq.am-ը:

Պատասխանելով դիվերսիոն գործողություններին ադրբեջանցիների հետ թուրք զինվորականների մասնակցության մասին հարցին, Մովսես Հակոբյանը նշել է. «Տվյալներ ունենք, մասնակցում են, բայց ոչ մշտական: Հավանականությունը շատ մեծ է, մենք ընդամենը երկու դեպք ունենք ապացուցված, որ մասնակցել են: Հավանականությունը մեծ է, այս խմբավորումը, որը աշխատել է մեր դեմ, պատրաստվել է Թուրքիայում, թուրքական բանակի հրահանգիչների կողմից, և Ադրբեջանը բավականին մեծ գումարներ է ներդրել այս ստորաբաժանումները պատրաստելու համար և մինչև ստորաբաժանման վերջնական հանձնումը մեծ հավանականություն կա, որ թուրքերը իրենք էլ են մասնակցում գործողություններին»:

Իսկ հակառակորդի գործողությունների պատասխանների մասին պաշտպանության նախարարության հաղորդագրություններում չի հաղորդվում, որովհետև. «Ցանկացած ռազմական գործողություն հույժ գաղտնի է, ոչ թե գաղտնի, այլ հույժ գաղտնի, և այդ գործողությունները հրապարակման ենթակա չեն: Դրանից ելնելով՝ չենք հրապարակում: Կարծում եմ, եթե Ադրբեջանում մամուլը մի քիչ ազատ լինի, իրենց հասարակությունն էլ տեղեկացված կլինի: Բանակը, եթե պատերազմի մեջ ես, պարտավոր է համարժեք գործողություն կատարել, եթե չկատարես, ապա կհայտնվես պարտվողի դերում: Ես գտնում եմ, որ մեր բանակի այսօրվա գործողութոյւնները համարժեք են, և դա է զսպում Ադրբեջանին, որ լայնածավալ ռազմական գործողություններ չսկսի»:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը: Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել էր և հոսպիտալացվել: Նրանց ցուցաբերվել էր համապատասխան բժշկական միջամտություն: Ավելի ուշ Ստեփանակերտի հոսպիտալում մահացել էր 1995-ին ծնված Սամվել Հակոբյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---