Gallup. ՀՀ բնակչության 86%-ը վստահ է՝ ՀՀ ԶՈւ-ն և ՊԲ-ն ունակ են հակահարված տալ Ադրբեջանին

Gallup. ՀՀ բնակչության 86%-ը վստահ է՝ ՀՀ ԶՈւ-ն և ՊԲ-ն ունակ են հակահարված տալ Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Հայաստանի 1500 բնակչի 38 տոկոսի կարծիքով, վերջին ժամանակահատվածում Ադրբեջանն ակտիվացել է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ օգտվելով ՀՀ ներքաղաքական իրավիճակից: Հարցվածների 27 տոկոսի կարծիքով Ադրբեջանը հրահրում է պատրազմական իրավիճակ, որպեսզի զսպի և քողարկի ներքին խնդիրները, իսկ ըստ 22 տոկոսի՝ սահմանին Ադրբեջանի ակտիվությունը ապացույց է, որ բանակցային գործընթացում հաջողություններ չունի: Միայն 3 տոկոսն է զուգահեռում սահմանային լարվածությունը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Երևանի և մարզերի բնակիչներն իրենց տեսակետն են հայտնել «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության մարտի 2-14-ը անցկացած հեռախոսային հարցումների ժամանակ: Սոցիալական հարցման արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, գրում է Panorama.am-ը:

Հարցվածների 86 տոկոսը վստահ է, որ ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը ունակ կլինեն այսուհետ ևս հակահարված հասցնել ադրբեջանական բանակի գործողություններին:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 26-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը հայտարարություն էր ներկայացրել՝անդրադառնալով մարտի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի 4 զինծառայող:

ՀՀ մշտական ներկայացուցիչը ևս նշել էր, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով: Դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը: Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ է արվել ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---