Լավրով-Նալբանդյան հանդիպում. ՌԴ-ն հնարավոր չի համարում ղարաբաղյան հակամարտության վերածումը պատերազմի

Լավրով-Նալբանդյան հանդիպում. ՌԴ-ն հնարավոր չի համարում ղարաբաղյան հակամարտության վերածումը պատերազմի

PanARMENIAN.Net - Ոչ ոք չի ցանկանում, որ հակամարտությունը Ղարաբաղում պատերազմի վերածվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին: «Մենք մերժում ենք այն միտքը, որ հակամարտոթյունը կարող է վերածվել պատերազմի : Վստահ եմ, որ չնայած հայտարարություններին, շահագրգիռ կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում»,-ասել է Լավրովը: «Բոլոր գործողություններն ուղղված են փոխընդունելի լուծում գտնելուն»,-ասել է նա:

Ռուսաստանը կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի համար ընդունելի հենքի վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Մենք կարծիքներ ենք փոխանակել Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ, ներառյալ նաև ղարաբաղյան կարգավորման հարցերը»,-ասել է նա:-Ռուսաստանն առաջիկայում ևս ակտիվորեն կնպաստի այդ խնդրի կարգավորման համար պայմանների ստեղծմանը բոլոր կողմերի համար ընդունելի հիմքի վրա», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ղարաբաղյան կարգավորման գործում բանակցություններին այլընտրանք չկա, իր հերթին հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: «Ադրբեջանը մինչ օրս մերժում է Մինկի խմբի համանախագահների առաջարկները ղարաբաղյան կարգավորման և վստահության միջոցների ամրապնդման վերաբերյալ»,-ասել է նա: «Սակայն այլընտրանք բանակցություններին չկա»,-ասել է Նալբանդյանը:

Ռուսաստանը գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք շաղկապված են պատմական, մշակութային և հոգևոր ընդհանրություններով, ասել է նաև Սերգեյ Լավրովը:

«Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք գնահատում ենք դեպի դարերի խորքը գնացող մեր հարաբերությունները, որոնք շաղկապված են մեր ժողովրդների պատմական, մշակութային և հոգևոր ընդհանրություններով: Այդ հարաբերությունները նոր որակ ստացան ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ»,-ասել է Լավրովը:

«Մենք պայմանավորվել ենք շարունակել իրավապայմանագրային բազայի կատարելագործումը: Կարևորել ենք ջանքերը, որոնք ձեռնարկվում են ապրանքատնտեսական և ռազմատեխնիկական գործակցության ոլորտներում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ այդ ուղղություններով աշխատում են համապատասխան միջկառավարական հանձնաժողովները: Նա կարևորել է այդ ջանքերն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը:

ՌԴ և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը բավականին ծավալուն է, նշել է Լավրովը: 2014-ի տվյալներով այն գերազանցում է 1,4 մլրդ դոլարն ու շարունակում է աճել, ասել է նա: «Լավ է զարգանում գործակցությունը վառելիքաէներգետիկ ոլորտում, ներդրումների, բանկային ոլորտներում»,-նշել է նախարարը: Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---