«Ամերիկայի ձայնն» այն «դժվարությունների» մասին, որ առաջացնում է Վաշինգտոնում «ցեղասպանություն» բառը

«Ամերիկայի ձայնն» այն «դժվարությունների» մասին, որ առաջացնում է Վաշինգտոնում «ցեղասպանություն» բառը

PanARMENIAN.Net - Քչերը կժխտեն, որ ուղիղ 100 տարի առաջ սկսված զանգվածային սպանություններն ու բռնագաղթը, որին 1 միլիոնից ավելի հայ զոհ գնաց Օսմանյան կայսրությունում, Ցեղասպանություն է եղել: Սակայն երբ Վաշինգտոնում արտասանում են «ցեղասպանություն» բառը Հայաստանի պարագայում, անմիջապես անհարմար իրավիճակ է ստեղծվում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Վարչակազմի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններից, Հայաստանի շահերը ներկայացնող քաղաքական գործիչները հնարավորություններ են փնտրում ելույթ ունենալու համար լսարանների առջև, գիտնականները հղում են անում հետազոտություններին, իրենք հայերը ողբերգական պատմություններն են պատմում, իսկ Թուրքիայի կառավարությունն ընդհանրապես չի խոստովանում, որ նման խնդիր կա:

Պատմության պրոֆեսոր Հոուփ Հարիսոնը Ջորջ Վաշինգտոնի համալսարանից ասում է, որ Վաշինգտոնի քաղաքական գործիչները խուսափում են «ցեղասպանություն» եզրույթից, որքան հնարավոր է հանդարտ ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի հետ պահպանելու համար: Ըստ նրա, սա «ԱՄՆ կառավարությունում այն բազում բանավեճերից մեկն է, որտեղ սկզբունքներն ու համոզվածությունը բախվում են պրագմատիկ քաղաքականության ու անվտանգության նկատառումներին»:

1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, որի մի մասն է կազմում այսօրվա Թուրքիան, ենթարկվեցին բռնագաղթի և զանգվածային ոչնչացման: Նրանց մշակույթը գրեթե ջնջվեց երկրի երեսից, որտեղ նրանք ապրել են հազարամյակներ շարունակ: Դա մի ողբերգություն է, որ հայերը չեն կարողանում մոռանալ:

«Դա նրանց էության մի մասն է, նրանց ազգային ինքնության մասը,-բացատրում է Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի և պատմության պրոֆեսոր Ռոնալդ Սունին` խոսելով հայկական սփյուռքի մասին: Կարծում եմ, դա անխուսափելի է»:

Սակայն Carnegie Endowment for International Peace ավագ գիտաշխատող Թոմաս դը Վաալը ասում է, որ 100 տարի անց բոլոր նրանք, ովքեր շարունակում են մասնակցել այդ վեճերին, դարձել են «ցեղասպանություն» բառի պատանդները:

«Արդյունքում այդ մարդիկ մոռանում են ավելի կարևոր մի հարցի մասին. ինչպե՞ս վերականգնել արդարությունը հայերի հանդեպ: Ի՞նչ է պետք անել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու համար: Ինչպե՞ս համզոել Թուրքիային վերաիմաստավորել իր անցյալն ու մտածել այդ հարցերի շուրջ»,-ասում է դը Վաալը:

«Ցեղասպանություն» տերմինն առաջացավ 1944 թ.` գրեթե 30 տարի անց հայերի զանգվածային սպանություներից հետո: 1948 թ. ՄԱԿ-ը Կոնվենցիա ընդունեց ցեղասպանություն հանցագործությունը կանխելու ու պատժելու մասին և այդ բառը մտավ քաղաքականության մեջ: Հայերը համարում են, որ այդ բառը ճշգրիտ կերպով արտացոլում է այն, ինչ պատահեց իրենց ժողովրդի հետ:

Սակայն, ինչպես նշել է Դը Վաալը, այդ օրվանից այդ բառն այնքան հակասական ու քաղաքականացված բնույթ ստացավ, որ միայն ավելի վատթարացրեց հայ-թուրքական հարաբերությունները և ավելացրեց լարվածությունը ԱՄՆ հարաբերություններում և այս, և այն կողմի հետ: Իրավիճակը փոխվեց նախագահ Ռեյգանի օրոք, երբ 1982 թ. Կալիֆորնիայում, որը Ռեյգանի հայրենի նահանգն է, սպանվեց ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսը:

Այդ օրվանից, նշում է Դե Վաալը, քանի դեռ իշխանության ղեկավարը Ռեյգանն էր, թուրքերը Ամերիկայի կողմից էին այն հարցերում, որոնք իրոք արդիական էին նրա համար` ահաբեկչություն, ԽՍՀՄ և Իսրայել: «Այսպիսով, ինչպես պարզաբանում է փորձագետը, այդ հողի վրա Ռեյգանը մերձեցավ թուրքերի հետ և մերժեց հայերի ցեղասպանության գաղափարը, կարծում եմ, դա էլ կանխորոշեց ԱՄՆ հետագա քաղաքականությունն այդ հարցում: Նույնիսկ չնայած նրան, որ շատերը, շատ շատերը դա ցեղասպանութուն են անվանում, այդ գիծն անցկացվեց դեռ 1982 թվականին, այդ օրվանից ԱՄՆ-ի համար շատ դժվար էր վերանայել այս քաղաքականությունը»:

«Վերջին տարիներին Թուրքիան գնալով ավելի բացահայտ է խոստովանում, որ այն ինչ կատարվեց հայերի հետ, սարսափելի էր: Վաշինգտոնում էլ կա որոշակի փոխզիջում: Մինչ հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդը օրենսդիրներին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրա գործընկեր Քյորտ Քլոուսնն առաջարկեց օրենսդիրներին սատարել բանաձևին, որը կնպաստի «խաղաղությանն ու փոխըմբռնմանը» երկու ժողովրդների միջև: Դե Վաալը, որը շատ է գրել Հայաստանի մասին, ասում է, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ոչ թե այն հարցի վրա, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվում պատմական փաստերին և ինչպես նկարագրում դրանք, այլ Թուրքիայի ու Հայաստանի միջև նորմալ հարաբերությունների վերականգնման վրա. «Իրականում ուշադրությունը պետք է կենտրոնացնել հենց դրա վրա, և եթե դուք պատրաստ եք դրան, չեմ կարծում, որ պետք է սկսել «ցեղասպանություն» բառից: Պետք է սկսել պատմական փաստերի, զանգվածային սպանությունների քննարկումներից, ինչն, ի վերջո, գուցե կբերի «ցեղասպանության» բառին, սակայն այս պահին այդ բառն այնքան «թունավոր է», որ սպանում է մարդկանց հազիվ սկսված երկխոսությունը: Իրոք, չի կարելի երկխոսությունը սկսել «ցեղասպանություն» բառից»,-գրում է պարբերականը, հայտնում է Armenia Today-ը:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---