Նորընտիր հայազգի անդամ Գլենդեյլի քաղաքային խորհրդում

Նորընտիր հայազգի անդամ Գլենդեյլի քաղաքային խորհրդում

PanARMENIAN.Net - Գլենդեյլի քաղաքային խորհրդի` ապրիլի 7-ին կայացած ընտրությունների արդյունքով հայազգի թեկնածու Վարդան Կարապետյանն ընտրվել է խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն այս ընտրություններում պաշտոնապես աջակցում էր Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Գլենդեյլի բյուջե, մահացու վթարները նվազեցնող երթևեկություն, բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի բացում. սրանք Վարդան Կարապետյանի նախընտրական ծրագրի հիմնական կետերն են, գրում է Tert.am-ը:

Դեռ 2013-ի ապրիլին կայացած ընտրությունների արդյունքում երեք հայ թեկնածու ևս՝ Արա Նաջարյանը, Զարեհ Սինանյանը, Շահե Քյորօղլյանը, հաջողություն էր ունեցել՝ ապահովելով տեղ քաղաքային խորհրդում և հնարավորություն ստանալով ռոտացիոն համակարգով ավելի շատ զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Եվս մեկ հայ` Արտաշես Քասախյանն ընտրվել էր քաղաքապետարանի քարտուղարի, իսկ Րաֆֆի Մանուկյանը` գանձապահի պաշտոնում:

Գլենդեյլի քաղաքային խորհուրդը, քաղաքապետ Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ հռչակագիր է ընդունել, որով 2015-ի ապրիլը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս: Խորհուրդը նաև ընդունել է բանաձև, որով պահանջում է Գլենդեյլի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել: Նշվում է, որ Քաղաքային խորհրդին պատկանող բոլոր հաստատություններում Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է հիշատակվի հավուր պատշաճի:

Ընդունված փաստաթղթում Գլենդեյլի իշխանությունները նաև կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին ջանք չխնայել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին օգնելու Ցեղասպանության փաստն ամբողջովին ընդունելու և հայ ժողովրդին փոխհատուցելու հարցերում: Ընդունված բանաձևի կրկնօրինակները փոխանցվելու են ԱՄՆ նախագահին, փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

 Ուշագրավ
Նշվում է նաև, որ տեղի է ունեցել կարծիքների կառուցողական փոխանակում։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---