Ժիրինովսկի. Հայաստանը Ռուսաստանի պատմական դաշնակիցն է

Ժիրինովսկի. Հայաստանը Ռուսաստանի պատմական դաշնակիցն է

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը երբեք չի պատերազմել Հայաստանի հետ, երկու երկրները միշտ լավ հարաբերություններ են ունեցել, և այսօր էլ դրանք այդպիսին են: Դա պայմանավորված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով, որը գտնվում է ռիսկի գոտում. հարևանությամբ են Իրանը, Թուրքիան, Իսրայելը»,-հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Նա նշել է, որ այսօր տարածաշրջանի ամենացավոտ հարցերից է Լեռնային Ղարաբաղը: «Ռուսաստանը բանակի ուժով միջամտելու ոչ մի հիմք չունի, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորվածության դեպքում Ռուսաստանը կարող է խաղաղապահ զորակազմ տեղակայել, բացառելու համար արյունահեղությունը: Թեև, անշուշտ, միշտ կան կողմնակի միջամտության ու սադրանքների ռիսկեր, ինչպես դա եղավ Աբխազիայի դեպքում»,-հիշեցրել է նա:

Նախկին խորհրդային ճամբարի երկրներում հակառուսական տրամադրությունների և քաղաքականության գլխավոր հրահրողը Ժիրինովսկին համարում է ԱՄՆ-ին: Ի դեպ, ՌԼԺԿ առաջնորդը կոչ է անում Հայաստանին ինքնուրույն որոշել իր ճակատագիրը` միևնույն ժամանակ զգուշացնելով, որ հակառակ դեպքում, առանց Ռուսաստանի նա միայնակ կմնա Իրանի ու Թուրքիայի հետ:

Ժիրինովսկին կարծում է, որ հայերի և ռուսների համախմբմանը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը նշվելու է ամբողջ աշխարհում ապրիլի 24-ին:

«Կարծում եմ, որ Ցեղասպանությունների հիշատակի միջազգային օր է հարկավոր: Հայերի ցեղասպանությունն ամենամասշտաբայինն էր, սակայն նույն շրջանում ոչնչացվել են նաև այլ ժողովրդներ. ռուսները Ավստրոհունգարիայում, ավելի ուշ գնչուները, հրեաները: Հիմա էլ ռուսներին ոչնչացնում են Ուկրաինայում: Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում քրիստոնյաներին սպանում են իրենց հավատքի համար, ոչնչացնում են մշակութային հուշարձանները: Կարևոր է մեկընդմիշտ կասեցնել նման մեթոդները»,-ասել է քաղաքական գործիչը կուսակցության պաշտոնական կայքում զետեղված ելույթում:

Ըստ նախնական տվյալների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարը համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---