Նախագահն Իտալիայում է. Հայ-իտալական գործակցության օրակարգը պետք է ընդլայնել

Նախագահն Իտալիայում է. Հայ-իտալական գործակցության օրակարգը պետք է ընդլայնել

PanARMENIAN.Net - Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետև հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Կարևորելով Իտալիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Սերջիո Մատարելլայի հետ հանդիպումը` ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ այն կնպաստի հետագա երկխոսության և հայ-իտալական օրակարգի հետագա ընդլայնման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հագեցած օրակարգով իր պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի հայ-իտալական բարեկամական հարաբերություններին:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ 20 տարվանից քիչ ավելի պատմություն ունեցող հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, նշանավորվել բազմաթիվ կարևոր ձեռքբերումներով: Երկու երկրների նախագահները դա պատահական չեն համարել, ընդգծելով, որ հայ-իտալական սերտ կապերի հիմքում ընկած են երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը։

Նախագահները կարևորել են, որ վերջին տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում` առաջընթաց ապահովելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։

Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորվել է նաև, որ երկու երկրների միջև առկա է համապարփակ երկկողմ իրավապայմանագրային դաշտ, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։

ՀՀ նախագահի խոսքով, ներկա այցը բարեկամ Իտալիա հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանություններն ու համայն հայությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, լավագույնս փաստում է մեր երկրի կողմից Իտալիայի հետ երկկողմ կապերին տրվող կարևորությունը։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իտալացի ժողովրդին, որը փրկեց, օթևանեց ու նոր հույս տվեց Հայոց ցեղասպանությունից փրկված հայ տարագիրներին, որոնցից վերջինը Իտալիայում ապրեց մինչ անցած տարի։ Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Իտալիային՝ համամարդկային արժեքները կարճաժամկետ շահերից մշտապես վեր դասելու համար, ընդգծելով, մասնավորապես Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից շուրջ 15 տարի առաջ Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը:

Նախագահները քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Իտալիայի նախագահը նշել է, որ Իտալիան այս հարցում ունի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված դիրքորոշում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում` հիմնված հակամարտությունների խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։

Իտալիայի նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը և ավելացրել, որ այդ անդամակցությունը նաև նոր հեռանկարներ է բացում Հայաստան - Իտալիա հարաբերությունների զարգացման համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իտալիայի միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարևորությանը, հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերություններին, Հայաստանում իտալական հնարավոր ներդրումներին: Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում գործարար համաժողովներ, կլոր-սեղաններ, ինչպես նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա ձեռքբերումները ոգևորիչ են, սակայն բոլորովին չեն արտացոլում համագործակցության իրական ներուժը, և դեռևս զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար:

Հանդիպմանը մեծապես կարևորվել է երկու երկրների համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Այս համատեքստում կարևոր նախապայման է համարվել Հայաստանի և Իտալիայի միջև` Երևանից Հռոմ կամ այլ քաղաքներ կանոնավոր ուղիղ օդային կապի վերականգնումը:

Հայաստանի և Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ հաշվի առնելով առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժը` կարելի է քայլեր ձեռնարկել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որն առավել համակարգված կդարձնի աշխատանքները նշված ոլորտներում:

Խոսելով ապակենտրոնացված համագործակցության մասին՝ զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ փոխշահավետ համագործակցություն է առկա նաև Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որի ակունքները գնում են 1967թ., երբ Երևանն ու Կառարան հռչակվեցին քույր քաղաքներ։ Այդ շարքը տարեցտարի համալրվում է նոր քաղաքներով ու շրջաններով։ Իտալիայի նահանգային և քաղաքային պատվիրակությունների պարբերական այցերը, նախագահների համոզմամբ, նպաստում են շրջանների միջև ուղիղ կապերի, տնտեսական համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը։

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իտալիայի փոխգործակցությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ:

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել նաև տալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ռազմական ոլորտում ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՀՀ նախագահը և Իտալիայի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են փաստը, որ ռազմական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ընդգրկում է նաև խաղաղապահության ոլորտը. առաջին միջազգային առաքելությունը, որին միացել է Հայաստանը դեռևս 2004թ., ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն է Կոսովոյում, որին հաջորդեցին Աֆղանստանի և Իրաքի առաքելությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցյալ տարվա նոյեմբերից նաև տիկին Պինոտիի անմիջական ջանքերի շնորհիվ, 32 հայ խաղաղապահ ծառայություն են իրականացնում Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո (Շամա զինավանի անվտանգության ապահովում), ինչը, նախագահի գնահատմամբ, հիրավի կարելի է համարել այս ոլորտում հայ-իտալական համագործակցության հաջողված մեկնարկ։

Հայ-իտալական ռազմական գործակցության օրակարգում կարևորելով նաև կրթության բնագավառը՝ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի կողմից տարիներ շարունակ հայ զինծառայողներին կրթաթոշակներ հատկացնելու հանգամանքը, որի շնորհիվ հայ սպաները բարձր որակի կրթություն են ստանում Իտալիայում: Նախագահը որպես համագործակցության հաջողված օրինակ է բերել Իտալիայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ Արտաշես Դանիելյանին, ով Լիբանանում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարն է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ մասնակցել է պաշտպանության նախարարությունում կազմակերպված տեսակոնֆերանսին, որն անցկացվել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործողություն իրականացնող հայ և իտալացի զինվորների հետ:

Ջերմորեն ողջունելով սպաներին ու զինվորներին, նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Պարոնայք զինվորներ, սպաներ, ուրախ եմ, որ իմ պաշտոնական այցը Իտալիա մեկնարկում է ձեզ հետ այս յուրահատուկ հանդիպմամբ, ինչը նշանակում է, որ հայ-իտալական հարաբերություններում ռազմական փոխգործակցությունն ունի իր յուրահատուկ տեղը: Թերևս ձեզնից շատերը հիշում են, որ 11 տարի առաջ, ղեկավարվելով անվտանգության ոլորտում կոլեկտիվ պատասխանատվության գիտակցումով, մենք սկսեցինք մասնակցել խաղաղապահ առաքելություններում:

Առաջինը Կոսովոն էր և, հաշվի առնելով փորձի հաջողված լինելը, մենք շարունակեցինք այն Իրաքում, Աֆղանստանում և հիմա էլ ձեր անմիջական մասնակցությամբ՝ Լիբանանում: Ուզում եմ հատուկ շեշտել Լիբանանում իրականացվող առաքելության կարևորությունը մեզ համար. Լիբանանը ոչ միայն շատ հեռու պատմական ժամանակներում, այլ նաև հիմա մեզ համար բարեկամ երկիր է: Մենք պարտք ունենք լիբանանցիներին վերադարձնելու, թեև երբեք չենք կարողանա փոխհատուցել այն, ինչը նրանք արեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր քույրերի և եղբայրների համար. նրանք ոչ միայն հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին ապրելու իրենց երկրում, այլ նաև պահպանելու իրենց ինքնությունը, ազգային արժանապատվությունը: Ես հպարտ եմ ու մի քիչ էլ հուզված, որ այսօր ճակատագիրն այս հնարավորությունը տվել է մեր զինված ուժերին, և այս հնարավորության անմիջական կատարողները դուք եք:

Ես նաև հպարտ եմ, որ իտալացի զինվորականները, իսկ աշխարհին հայտնի է, որ իտալացիները լավ զինվորներ են, լավ սպաներ են, գոհ են ձեր ծառայությունից: Ես շատ ուրախացա, երբ քիչ առաջ Պաշտպանության նախարարն ասաց, որ դուք լավ եք ծառայում: Շնորհակալ եմ:

Մենք հայրենիքում հպարտանում ենք ձեզնով ու մեկ անգամ ևս խնդրում ենք հիշել, որ կատարելով կոնկրետ առաքելություն Լիբանանում՝ դուք ձեր ավանդն եք դնում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու հարցում, իսկ սա շատ կարևոր առաքելություն է:

Մեկ անգամ ևս շեշտում եմ՝ հայրենիքում մենք ձեզնով հպարտանում ենք: Մաղթում եմ, որպեսզի լինեք քաջ, հնարամիտ և խիզախ: Բարի ծառայություն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---