Վատիկանից՝ Անկարային. Տարածվել են Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագի աղոթագրքերը

Վատիկանից՝ Անկարային. Տարածվել են Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագի աղոթագրքերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին, Վատիկանի Սբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ կլինի, որը կմատուցի Ֆրանցիսկոս Պապը: Պատարագից առաջ Սուրբ Աթոռը տարածել է աղոթագրքեր, որտեղ տեղ է գտել ցեղասպանություն բառը: Այս փաստը բառացիորեն շոկ է առաջացրել Թուրքիայում: Թուրքական Internethaber.com լրատվակայքը անդրադարձել է թեմային՝ «Վատիկանից՝ Անկարային. շոկ առաջացնող որոշում» վերնագրով հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ «Զատիկի երկրորդ կիրակին կամ աստվածային ողորմություն» և «Հայոց նահատակության 100–րդ տարելիցի կապակցությամբ սուրբ պատարգ» վերնագիրը կրող աղոթագրքում տեղ են գտել պատարագին ընթերցվելիք աղոթքներ, հատվածներ ավետարանից, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու կենսագրությունը: Վերջինիս կաթոլիկ եկեղեցին «տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս էր շնորհել, ինչ մասին Ֆրանցիսկոս Պապը կհայտարարի պատարագի ժամանակ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական աղբյուրը մեջբերում է նաև գրքույկում տեղ գտած հետևյալ նախադասությունը. «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա մարդկության պատմության մեջ ցավագին հետք թողած ցեղասպանությունների, պատերազմների և բոլոր ջարդերի զոհերին, և հատկապես այս պատարագի ժամանակ մեր հիշատակած հայ ազգի ներկայացուցիչներին»:

Դեռևս հայտնի չէ սակայն, թե արդյոք Ֆրանցիսկո Պապը կօգտագործի ցեղասպանություն բառը նաև հայ նահատակների հիշատակին նվիրված պատարագի ժամանակ:

Դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ ներկայիս Պապը հայտարարել էր, որ «թուրքերը հայերի նկատմամբ ցեղասպանություն են իրագործել», իսկ Հռոմի պապ ընտրվելուց հետո էլ մի առիթով նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:

Պատարագին մասնակցելու համար Վատիկանում են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---