ԵԽ փոխնախագահ. Գուցե Էրդողանը երազում է Օսմանյան կայսրությունը վերկանգնելու մասին

ԵԽ փոխնախագահ. Գուցե Էրդողանը երազում է Օսմանյան կայսրությունը վերկանգնելու մասին

PanARMENIAN.Net - Եվրամիությունում բնակվող 450 մլն մարդկանց ներկայացնող 736 պատգամավոր վաղը՝ Եվրախորհրդարանի ապրիլի 15-ին լիագումար նիստում քննարկելու և քվեարկելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի շուրջ:

Դրան ընդառաջ՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Անտոնիո Տայանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Եվրոպայի գծից շեղվելու և «համաարաբական առաջնորդ» դառնալու ձգտումների համար, «Ջումհուրիյեթ»-ին հղումով գրում է Tert.am-ը:

Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ունեցած դերակատարությանը՝ Տայանին նշել է, որ պետք է կանխել «Իսլամական պետություն» խմբավորման՝ տարածաշրջանում առաջնորդ դառնալու ձգտումը. «Դա որքան Եվրոպայի, այդքան էլ Թուրքիայի խնդիրն է: Թուրքիան ի՞նչ պետք է անի: ԵՄ մտնել էր ցանկանում, սակայն մենք գուցե շատ կոշտ կեցվածք ընդունեցինք: Էրդողանը Եվրոպայի գծից շեղվել ու ավելի համաարաբական կեցվածք է ընդունել: Գուցե Էրդողանը երազում է Օսմանյան կայսրությունը դարձյալ կյանքի կոչելո՞ւ մասին: Թուրքիան միշտ Արևմուտքի բարեկամն է եղել, Իսրայելի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել: Հուսանք՝ Թուրքիան Եվրոպայի դեմ կեցվածք չի դրսևորի: Մեզ համար ամենակարևորը տարածաշրջանի ապագան է: Իմ կարծիքով՝ Թուրքիան չպետք է արաբական առաջնորդ դառնա»,- ասել է նա:

Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով 2013-ի զեկույցը, որի որոշակի պարբերություններ վերաբերում են Հայաստանին: Փաստաթղթով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ է արվում ԵՄ անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունն ու ԵՄ կառույցներին խրախուսվում է նպաստել այդ գործընթացին»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---