Ուորլիք. Կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կհանգեցնեն Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնության

Ուորլիք. Կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կհանգեցնեն Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնության

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հորդորել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կատարել պայմանավորվածությունները: «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Փարիզի գագաթնաժողովում, առավել ինտենսիվ բանակցեն, ինչպես նաև խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը»,-հայտաարրել է Ուորլիքը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը:

Ուորլիքը նշել է նաև, որ կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության: «ԵԱՀԿ ՄԽ-ն հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք գտնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար»,-ասել է նա:

Ըստ նրա, համանախագահները շարունակում են սերտ համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով, ինչպես նաև նախապատրաստում են նախագահների տարեվերջին կայանալիք հանդիպումը:

Դիվանագետն ասել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հստակեցնում է տարածաշրջան համանախագահների հաջորդ այցի ժամկետները:

Ավելի վաղ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան մայիս-հունիսին:

Պոպովը հիշեցրել է, որ վերջին այցը տարածաշրջան եղել է փետրվարին: «Հերթական այցը նախատեսվում է մայիս-հունիսին: Այդ նպատակով մենք հաջորդ ամիս կհանդիպենք և կքննարկենք ժամկետները: Այցի հստակ ժամկետը դեռ որոշված չէ», ասել է նա, հայտնում է ԱՊԱ-ն:

Դիվանագետը նշել է նաև, որ նրանք աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման օրակարգի նախապատրաստման վրա: «Անշուշտ, մենք մտադիր ենք նախագահների հանդիպում կազմակերպել: Մինչ այդ կկայանա ԱԳ նախարարների հանդիպումը և կքննարկվեն նախագահների բանակացությունների նախապատրաստական հարցերը: Այս ամենը համանախագահները կքննարկեն հաջորդ ամիս կայանալիք հանդիպմանը»:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են Փարիզում 2014-ի հոկտեմբերի 27-ին: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար վերջին շրջանում արդեն երրորդն էր: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---