Թուրք ընդդիմադիրը սատարում է Հռոմի պապին և դատապարտում Անկարայի ժխտողականությունը

Թուրք ընդդիմադիրը սատարում է Հռոմի պապին և դատապարտում Անկարայի ժխտողականությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, քննադատելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած մերժողական քաղաքականությունը, իր աջակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ գործածել էր «Ցեղասպանություն» եզրույթը:

Թուրքիայի նախագահի «խոսափող» համարվող «Sabah» թերթի կայքը նկատել է տալիս, որ այն դեպքում, երբ պապի հայտարարությունից հետո Թուրքիայի իշխանություններն ու ընդդիմադիր ուժերը խստորեն դատապարտեցին կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի ելույթը, միայն «ԺՀԿ»-ից փաստորեն աջակցություն հնչեց, հայտնում է Panorama. am-ը: : Դեմիրթաշը, անդրադառնալով Հռոմի Պապի անցկացրած պատարագին և Թուրքիայի կոշտ արձագանքներին, նշել է. «Պապը մի բան է ասում, երեխայի նման արձագանքում են: Հասարակությանը հարկավոր է բացատրել, թե ինչպես առերեսվել հայկական իրականության հետ: Եվ դա պետականորեն արվելիք գործ է: Թե չէ «պապին չենք ընդունում» ասելով` այդ հարցը չի լուծվի»:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք:

Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք էր տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:

Իսկ ապրիլի 13-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Թուրքիա է կանչվել` խորհրդակցության նպատակով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` «դատապարտելով» Պապի հայտարարությունը երեք մեծ ողբեգությունների` «Հայոց ցեղասպանության, նացիզմի և ստալինիզմի մասին»: «Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար,-գրել է Էրդողանը:-Կրոնը չպետք է անհիմն հայտարարությունների համար հիմք ծառայի: Դա հանգեցնում է թշնամանքի և ատելության»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---