Լատվիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն պետք է նոր բանակցություններ սկսի Հայաստանի հետ

Լատվիայի ԱԳ նախարար. ԵՄ-ն պետք է նոր բանակցություններ սկսի Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը Լյուքսեմբուրգում մասնակցել է Արևելայն գործընկերության երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությանը, որտեղ քննարկվել է Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովն ու Ռիգայի հռչակագրի շրջանակները:

«Ռիգայի գագաթնաժողովը բարդ աշխարհաքաղաքական պայմաններում է անցնելու, ուստի Եվրամիությունը պետք է հզոր ազդակ ուղարկի, որ Արևելյան գործընկերության ծրագիրը երկարաժամկետ ռազմավարություն ունի և շարունակում է զարգանալ: Բացի այդ, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների բարձր մակարդակի քաղաքական ներկայությունը Ռիգայում կհաստատի Արևելյան գործընկերությունն ամրապնդելու մտադրությունը` այդ հարցն առաջնային համարելով ԵՄ արտաքին հարաբերությունների օրակարգում»,-ասել է Ռինկևիչսը:

Նա վստահություն է հայտնել, որ Ռիգայի գագաթնաժողովը պետք է հստակ տեսլական ներկայացնի Արևելյան գործընկերության քաղաքականության զարգացման վերաբերյալ, որն ուղղված է երկկողմ հարաբերությունների ստեղծմանը և բազմակողմ գործակցության զարգացմանը: «Արևելյան գործընկերության առանցքային բառը տարբերակումն է, որը մեկ անգամ ևս հաստատում է Արևելյան գործընկերության համապարփակ բնույթը և միաժամանակ շարունակում է զարգացնել անհատական հարաբերությունները բոլոր գործընկեր պետությունների հետ: Եվրամիությանը հարկ կլինի հաստատել գործակցությունը գործընկերների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը: Հարկավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվել գործունեության ոլորտների ու իրավական կարգավորման մասին, ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բելառուսի հետ, հայտարարել Հայաստանի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասին»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ ասոցացման մասին համաձայնագրերն Արևելյան գործընկերության միջուկն են կազմում: «Հուսով ենք, որ մինչ Ռիգայի գագաթնաժողովի մեկնարկը, ասոցացման համաձայնագրերը կվավերացվեն ԵՄ երկրների մեծ մասում: Հավասարապես կարևոր է, որ գործընկեր պետությունների հասարակությունները դրական ուղերձ ստանան, ուստի Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում պետք է ներառվեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների առաջարկները»,-ասել է Ռինկևիչսը:

Ռինկևիչսը նշել է, որ պետք է շատ ավելի զարգացնել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերությունները, օրինակ, հզորացնել գործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվային տնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում: Այդպիսով, դա կնպաստի ԵՄ և գործընկեր երկրների միջև տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդմանը:

«Ռիգայի գագաթնաժողովի նպատակները հավակնոտ են, սակայն Ռիգայի հռչակագրի լեզուն ու ջանքերը պետք է իրական ու գործնական լինեն»,-ասաց վերջում Ռինկևիչսը, հայտնում է «Ազերթաջը»:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ: Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Չնայած, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ որևէ փաստաթուղթ Առևտրի ազատ գոտու ստեղծման մասին, կողմերը շարունակել են քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական և տնտեսական հարթակներում, որոնք չեն խախտում միջազգային պայմանավորվածությունները:

«Մարտի սկզբին հետագա գոծակցության շրջանակների ուրվագծման աշխատանքներն ավարտվեցին: Եվրահանձնաժողովը պետք է մանդատ տրամադրի ԵՄ անդամ երկրներին Հայաստանի հետ բանակցելու համար: Հուսով ենք, որ բանակցությունների արդյունքները կարտացոլվեն Ռիգայի գագաթնաժողովի փաստաթղթում»,-ասել է Դիդենկոն:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---