Պետդեպի ներկայացուցիչ. ԱՄՆ դիրքորոշումը ճանաչում է անցյալն ու թույլ տալիս գործակցել գործընկերների հետ![]() 23 ապրիլի 2015 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետդեպի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանն ու թեմային առնչվող այլ հարցերի: «Հայտնի է, որ նախագահի թեկնածու եղած ժամանակ Բարաք Օբաման խոստացել է, որ ընտրվելու դեպքում կճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Իր խոստումը կատարելու համար նրան մնացել է 1 տարի, բայց ինչո՞ւ այս տարի` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, նա հերթական անգամ դրժեց խոստումը»,- հարց է հղել լրագրողը: Սրան ի պատասխան Հարֆն ասել է. «Մենք վստահ ենք, որ նախորդ տարիների ու այս տարվա մեր դիրքորոշումը ճիշտ է, քանի որ այն ճանաչում է անցյալն ու թույլ տալիս համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ` ապագայում մարդկանց ոչնչացումից խուսափելու համար: Մեր կարծիքով՝ սա անչափ կարևոր է: Նախագահը պարբարաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ: Մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր այս տարի այլ բան են ցանկանում լսել»: Այս պատասխանից հետո լրագրողը նկատել է, որ «այս տարի այլ բան լսել ցանկացողներին լռեցնում են նրանք, ովքեր փոփոխության կողմնակից չեն, այսինքն՝ Թուրքիան», հայտնում է Tert.am-ը: Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ: Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: Լրագրողը փորձել է Հարֆից պարզել, թե արդյոք Օբաման 1915թ. դեպքերն ընդունում է որպես ցեղասպանություն: Սակայն խոսնակն անորոշ, ոչինչ չասող պատասխան է տվել: Երբ լրագրողը փորձել է Պետդեպի ներկայացուցչից ճշտել, թե ինչու ԱՄՆ-ի նախագահը չի իրագործում նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկահայ համայնքին տված խոստումը, Հարֆը տվել է հերթական անորոշ պատասխանը: Այնուհետ նա նշել է, որ 100-րդ տարելիցին ընդառաջ Օբամայի վարչակազմը բազմաթիվ քննարկումներ է ունեցել, որպեսզի հստակեցնի իր դիրքորոշումը: «ԱՄՆ-ն ճանաչել է Հոլոքոստը, ու դա որևէ կերպ չի անդրադարձել Գերմանիայի հետ հարաբերությունների վրա: Մի՞թե Թուրքիայի հետ հարաբերություններն այդքան նուրբ ու փխրուն են, որ թույլ չեն տալիս իրերն իրենց անուններով կոչել»,-հարց է հղել լրագրողներից մեկը: Սրան ի պատասխան Հարֆն ասել է, որ նա «չի պատրաստվում քննարկել ու համեմատել այդ 2 դեպքերը»: Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մնացած բոլոր հարցերի մասով Պետդեպի խոսնակի պաշտոնակատարն առաջարկել է դիմել Սպիտակ տանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոուն և ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել են, որ Բարաք Օբաման որոշել է չճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում: «Այն, որ Օբաման տեղի տվեց Թուրքիային ազգային խայտառակություն է, ճշմարտության դավաճանություն, վստահության դավաճանություն»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: Հետևելով Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի պատմական հայտարարությանը և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին՝ ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները օրերս օրինագիծ են ներկայացրել, որի նպատակն է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության «ամբողջական ճանաչման» վրա, գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Ներկայացված օրինագիծը գրեթե նույնն է, ինչ 2014 թվականի ապրիլին ներկայացվածը, միայն ավելացված է Հռոմի պապի հայտարարության մասին հատվածը: Ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում 1915թ. իրադարձությունների 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն, տեղեկացրել է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են. ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, պատվիրակության ղեկավար Նախագահական պատվիրակության անդամներ. Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14) Ֆրանկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6) Աննա Էշու, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18) Դեյվ Տրոտ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ(Միչիգան, ընտրատարածք 11): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |