Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածու. Թուրքերի արդեն 4-րդ սերնդին խաբում են

Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածու. Թուրքերի արդեն 4-րդ սերնդին խաբում են

PanARMENIAN.Net - Թուրքիայում հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ազգությամբ հայ Կարո Փայլանը մեկնաբանել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի այն հայտարարությունը, թե «ցեղասպանություն միտումնավոր չեն իրագործել»:

«Առընչն ասում է, որ մտածված ցեղասպանություն չեն արել, սակայն պետությունը գիտակցված է այդ հանցանքն իրագործել: Թուրքիայի հանրությանն արդեն 4-րդ սերունդն է՝ խաբում են: Մենք ոչ թե Թուրքիայի հանրությանը, այլ այդ ժամանակաշրջանի իշխանությանն ենք մեղադրում»,-ասել է նա, Biyanet-ին հղումով գրում է Tert.am-ը:

Հայ թեկնածուն նաև մեկնաբանել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը:

«Դավութօղլուն օգտագործում է «անմեղ հայեր» արտահայտությունը: Ինչպես այժմ բոլոր ազգերը հավասարության կռիվ են տալիս, այդ ժամանակ էլ այդ պայքարը մղող հայեր կային: «Անմեղ հայեր» ասելը նշանակում է, որ հավասարության համար պայքարող մարդիկ դեռ «մեղավոր մարդիկ» են համարվում, և նրանց կարելի է սպանել»,-ասել է նա:

Անդրադառնալով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե հայերն իրենք են բացել տեղահանության դուռը, Փայլանն ասել է. «Այսինքն՝ դա նշանակում է, որ այսօր էլ իրավունքների համար պայքարող ժողովրդին կարելի է կոտորել կամ նրանք արժանի են, որ երկրից արտաքսվե՞ն»:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստից հետո Ապրիլի 24-ի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: «Միտումնավոր և ցանկանալով ցեղասպանություն չենք իրականացրել»,- ասել է նա:

Թուրք պաշտոնյան նշել է, որ գուցե երկրների մի մասը դա որպես ցեղասպանություն է համարում, սակայն ՄԱԿ-ի չափորոշիչներով այդ ցավը որպես ցեղասպանություն բնութագրելը սխալ է:

«Որքանով տեղյակ եմ՝ 70-ից ավելի խորհրդարաններ ու տեղական ինքնակառավարման մարմիններ նման որոշումներ են կայացրել: Որոշ տեղերում գիտենք, թե ինչպես են ընդունվել դրանք»,-ասել է նա:

Առընչը պնդել է, թե տեղի ունեցածը ցեղասպանություն չի եղել. «Ինչպես որ մենք ենք Չանաքքալեի պատերազմի օրը նշում ամեն տարի, հայկական սփյուռքն էլ մտածելով, որ իրենց դեմ ցեղասպանություն է տեղի ունեցել, ամեն տարի ապրիլի 24-ին նշում է դա: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ապստամբողների դեմ գործողություններ են իրականացվել, և մենք գիտենք, որ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել: Բայց մենք ցեղասպանություն չենք իրականացրել: Ցեղասպան պետությունները հայտնի են, մենք վստահ ենք մեր վրա»։

Թուրքիայում ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործակցելու փոխադարձ ցանկություն են դրսևորում թուրքական կուսակցություններն ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Ինչպես մարտին կայացած ՏԻՄ և օգոստոսին՝ նախագահական ընտրությունների ժամանակ, հայերն ակտիվ են հիմնականում քրդերով համալրված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունում (HDP). դրա կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարո Պայլանը ոչ միայն թեկնածությունը հաստատելու, այլև խորհրդարան անցնելու գործնական հնարավորություն ունի: Այս կուսակցությունից առաջադրվելու համար դիմել են նաև Ֆիքրի Չալըշը, Զաքարիա Սաբունջուն և Նվարդ Բաքըրջըօղլուն: «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) դիմել են Մարգար Եսայանը և Հերման Բալյանը: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP) դիմել է Թալին Էրգյունեշ Գազերը:

Գերագույն ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ խորհրդարանի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցով Թուրքիայի քաղաքացիները նոր խորհրդարան ընտրելու համար կքվեարկեն հունիսի 7-ին: Արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցողները՝ մայիսի 8-ից 31-ը:

Ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական ցուցակները պետք է հանձնաժողով ներկայացնեն մինչև ապրիլի 7-ը, իսկ խորհրդարանի պատգամավորի թեկնածու առաջադրվածների պաշտոնական ցանկը Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը հրապարակելու է ապրիլի 24-ին:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Իսկ նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---